Մոլդովայի Սահմանադրական դատարանը վճռել է հանրապետության պետական լեզուն պաշտոնապես ճանաչել ռումիներենը:
Դատարանին հարցապնդում են ներկայացրել խորհրդարանի մի շարք պատգամավորներ՝ խնդրելով լուծել Մոլդովայի Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև առկա հակասությունը: Հռչակագրի համաձայն՝ երկրի պետական լեզուն ռումիներենն է, իսկ ըստ Սահմանադրության՝ «մոլդովերենը՝ լատինական այբուբենի հիման վրա»:
Դատարանը վճռել է, որ Անկախության հռչակագիրը Հիմնական օրենքի անքակտելի մասն է: Քանի որ այն Սահմանադրության քաղաքական և իրավական հիմքն է, ուստի շատ մեծ նշանակություն ունի: Հետևաբար, դատարանը հանգել է այն եզրակացության, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության տեքստերի միջև անհամաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է Անկախության հռչակագրի տեքստին:











































