Վարչապետի կողմից նոր կադրային նշանակումների առումով ակնառու է, որ օգտագործվում է երիտասարդության ներուժը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը դրական գնահատական հնչեցրեց. «Լավ է, որ ամեն ինչը թափանցիկ է: Նախկինում հասարակությանը կադրային նշանակումները չէին հետաքրքրում, որովհետև ենթադրում էին, որ մութ գործարքի արդյունքում է դա տեղի ունենում, և հասարակությունը այդ մարդկանց հետ չէր կապում իր ապագան: Այսօր բավականին կրթված մարդիկ են նշանակվել:
Փորձ ունեն, թե ոչ, երկրորդական է, ինձ համար շատ ավելի կարևոր է, թե մարդը եղե՞լ է ընդդիմադիր, որովհետև եթե ընդդիմադիր չես եղել, չես կարող հասկանալ ինչ է ժողովուրդը և ինչ է իշխանությունը»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հայտարարել է, որ նոր իշխանությունը էական փոփոխությունների չի ենթարկելու Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը՝ միջազգայնագետը նշեց. «Հայաստանը փոխել է իր արտաքին կուրսը և կտրուկ է փոխել: ԵԱՏՄ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի շահերի մասին, այդ հարցն անընդհատ շեշտվում էր, մինչ այս երբեք Հայաստանը ԵԱՏՄ-ում իր շահի մասին չէր խոսում»:
Իգիթյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի հետ նախկինում էլ ունեցել ենք ոչ վատ թեզեր պարունակող համագործակցության համաձայնագիր, բայց վերջին 20 տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերությունները եղել են իմիտացիոն: Նրա խոսքով՝ համաձայնագրում գրված էր կոռուպցիայի դեմ պայքար. «Կոռուպցիայի դեմ պայքարից երևի միայն ՀՀԿ տատիկը չխոսեց, բոլոր ՀՀԿ-ականները խոսում էին, բայց աշխատանք չէր իրականացվում»: Միջազգայնագետը ներկայացրեց նաև Հայաստան- ԱՄՆ և Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ իր դիտարկումները:
Մանրամասները՝ տեսանյութում:










































