Այսօր կառավարության շենքի մոտ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին էր միացել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
«Առաջին լրատվական»-ը Վարդգես Գասպարիից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշել միանալ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին: Նա նշեց, որ «Բանակն իրականում» նախաձեռնության նախաձեռնողներից մեկն էլ ինքն է, «պարզապես խնդիրներն այնքան շատ են, որ չգիտես՝ որ մեկը հասցնել»:
«Հինգշաբթի բոլոր բողոքավոր մարդկանց կողքին եմ, այդ թվում և բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերի»,- ասաց նա:
Արդյոք արդյունավե՞տ է պայքարի այս ձևը՝ հարցին Վարդգես Գասպարին պատասխանեց, որ արդյունավետ է այնքանով, որքանով մարդիկ մասնակցում են դրան. «Բազմիցս ասել եմ, որ եթե բողոքավորները կողք կողքի այսպես կանգնեն, կարող են երկու-երեք հազար մարդով շենքը շրջափակել, փաստացիորեն ստիպել, որ կառավարություն ելումուտ անողները անցնեն մեր մարմնի վրայով»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք դրա համար քաղաքական կա՞մքն է պակասում, նա նշեց, որ քաղաքացիական կամքն է բացակայում, բացի այդ, պետք է այդ ցավով ապրել. «Նման զոհողության գնալու համար պետք է այդ ցավը ապրած լինես»:
«Ցավոք, մենք այնքան էլ ընդհանրական չենք ապրում, և քաղաքացիական կամքն էլ է բացակայում: Որտեղ կա իրավունքի ոտնահարում՝ ես իմ հնարավորության սահմաններում փորձում եմ ներկա լինել»,- ասաց նա:
Ի դեպ, Վարդգես Գասպարին ցույց տվեց դեկտեմբերի 2-ի ակցիայից իր ձեռքերի վրա մնացած բռնության հետքերը: «Ոստիկանները ձեռնաշղթաները գցած՝ 30-40 մետր քարշ տալով տարել են»:









































