Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունեցել դատապարտյալ Արթուր Այվազյանի (Մանախ մականունով) գործով դատավարությունը, որի ժամանակ, ինչպես նախապես տեղեկացրել էր նրա մայրը, հնչել են հոկտեմբերի 27-ի գործով մի շարք հայտարարություններ:
Մասնավորապես, Արթուր Այվազյանը հայտարարել է, որ 12 տարի շարունակ մասնավոր հետաքննություն է արել և՛ հոկտեմբերի 27-ի գործով, և՛ Գագիկ Պողոսյանի, Վահրամ Խոռխոռունու, Սամվել Առաքելյանի սպանությունների, Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ: Ունի համապատասխան փաստաթղթեր և ապացույցներ: Նա հայտարարել է, որ այդ մարդկանցից սպանվածները սպանվել են հոկտեմբերի 27-ի գործով ինֆորմացիայի տիրապետելու համար, ինչը հիմնավորող ապացույցներ կան: Դատարանը, սակայն, նրա հայտարարությունը չի ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչն օրենքի պահանջ է:
Դատարանը ընդմիջում է հայտարարել, ապա վերադառնալով ընդմիջումից՝ հայտարարել, որ համապատասխան արձանագրություն չի կազմի դատական նիստի ժամանակ հնչած բանավոր հայտարարության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ այդ հայտարարությունը պետք է ներկայացնել ՀՀ այլ իրավապահ մարմիններին:
Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դա այնքան էլ կոպիտ խախտում չէ: Դատական նիստը ձայնագրվում է, և դրա վերաբերյալ առանձին արձանագրություն կազմելու հարկ չկար, մանավանդ, նրա խոսքով, նիստին մասնակցում էր նաև գործով դատախազ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Այվազյանի մայրը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ որդու փոխանցմամբ՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Խաչատրյանը «քաղաքական իշխող ռեժիմի անունից» որդուն առաջարկել է խոստովանել, մեղայական ցուցմունք տալ այն մասին, որ ինքն է պատվիրել և կազմակերպել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Առաքելյանի սպանությունը: Իսկ դրա դիմաց Այվազյանին ՔԿՀ-ի պետը խոստացել է ներկայացնել պայմանական վաղաժամկետ ազատման, ինչից Մանախը հրաժարվել էր և դիմել Հատուկ քննչական ծառայություն, որը մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նշենք, որ այաօր էլ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Խանդանյանի նախագահությամբ քննվելու է Այվազյանի բողոքը՝ «Արթիկ» ՔԿՀ-ում իր նկատմամբ կատարված խոշտանգման և մահափորձի փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջի մասին:











































