Trustwave ամերիկյան ընկերության աշխատակիցները, որոնք մասնագիտացած են կիբերանվտանգության մեջ, բացահայտել են ցանցահենների սերվեր, որում պահվել են աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերի ավելի քան 2 միլիոն օգտատերերի անուններ և փոստային գաղտնաբառեր՝ հաղորդում է CNNMoney հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ընկերության մասնագետները ցանցահենների սերվերը հայտնաբերել են դեռևս նոյեմբերի 24-ին: Օգտահաշիվների տվյալները գողացվել են վնասակար ծրագրի օգնությամբ, որը տեղադրվել է սոցիալական ցանցերի օգտատերերի համակարգիչների վրա ամբողջ աշխարհով մեկ: Արդյունքում կիբերհանցագործների տրամադրության տակ են հայտնվել Facebook սոցիալական ցանցի 318 հազար գրառում, Gmail-ի և YouTube-ի՝ 70 հազար օգտահաշիվ, Twitter-ի՝ 22 հազար և «Օդնոկլասնիկի» ռուսական սոցիալական ցանցի՝ 9000 օգտահաշիվներ:
«Մենք ապացույց չունենք, որ ցանցահենները օգտվել են այդ հաշիվներից, սակայն հավանաբար նրանք նման բան արել են»,- հայտարարել է Trustwave-ի ներկայացուցիչներից մեկը:











































