ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակում է նախապատրաստվել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը՝ չնայած Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների հետ կապված Փհենյանի սպառնալիքներին:
«Կիմ Չեն Ընը ավելի վաղ հավաստիացրել էր, որ հասկանում է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունները շարունակելու անհրաժեշտությունը», – ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը՝ հավելելով, որ վարչակազմը շարունակում է նախապատրաստվել Թրամփի եւ Կիմ Չն Ընի հանդիպմանը:
Նշենք, որ հանդիպումը պետք է անցկացվի հունիսի 12-ին Սինգապուրում: Սակայն այսօր Փհենյանը հայտարարել է, որ կասեցնում է մայիսի 16-ին Սեուլի հետ նախատեսված բանակցությունները՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների պատճառով, որոնք սադրանք է անվանել: Բացի այդ, Փհենյանը Վաշինգտոնին կոչ է արել «լավ մտածել» առաջիկա բանակցությունների ճակատագրի մասին:











































