Լատինական Ամերիկայի ամենակոռումպացված երկրներն են համարվում Վենեսուելան և Պարագվայը՝ ասվում է Transparency International ոչ կառավարական միջազգային կազմակերպության զեկույցում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Երկրները գնահատվել են 0-ից (առավել կոռումպացված) 100 բալանոց (ամենից քիչ կոռումպացված) սանդղակով: Վենեսուելան հավաքել է 20 միավոր, Պարագվայը՝ 24:
Մեքսիկան և Արգենտինան հավաքել են 34 միավոր: Տարածաշրջանի առավել քիչ կոռումպացված երկիր է ճանաչվել Ուրուգվայը՝ 73 միավոր: Նրան հաջորդում են Չիլին (71) և Պուերտո Ռիկոն (62): Կուբան հավաքել է 46 միավոր, Բրազիլիան՝ 42:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերջին շրջանում հաճախ է խոսում կոռուպցիայի դեմ պայքարի խնդրի մասին: Դրա համար նա նույնիսկ խորհրդարանից արտակարգ օրենսդրական լիազորություններ էր խնդրել, որոնք տրամադրվել են նրան:











































