Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան մասնակիցներից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը քննարկմանը նկատեց, որ Վիլնուսում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մի շարք քննարկումներ եղան, որոնք շատ արժեքավոր էին, հետաքրքիր էին մասնակիցների առումով, եղել են մի շարք հետաքրքիր քննարկումներ Ուկրանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ուկրաինական ընդդիմությունը մի քանի անգամ շեշտեց, որ իրենք միացյալ են, իսկ սփյուռքը պաշտպանում է այն գաղափարը, որ Ուկրաիան իրեն տեսնում է Եվրոպայում: Հայաստանը և մեր վիճակը բավականին տհաճ էր»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսակցության առարկան այդ համաժողովին հիմնականում Ուկրաինան էր, Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը, իսկ Հայաստանի մասին խոսելիս բանախոսները շեշտում էին Հայաստանի անակնկալ հրաժարումը: Լևոն Բարսեղյանի խոսքով՝ «սա սև սյուրպրիզ էր բոլորի համար»:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Սոնա Այվազյանն էլ նշեց, որ ֆորումին Հայաստանը ամբողջովին անտեսված էր. «Մենք բավականին բարդույթավորված էինք, քանի որ սեպտեմբերի 3-ը բոլորիս համար էր անկնկալ, մենք անելանելի վիճակում էինք»,- ասաց նա՝ հավելելով, որ տեսնելով Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ձեռնարկած քայլերը, մյուս կողմից վերագնահատում էին արված քայլերը՝ արդյոք մենք որպես հայաստանյան պլատֆորմի անդամներ արե՞ լ էինք ամեն ինչ, որ գնահատական տայինք Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմանը:
Ելույթների ընթացքում Հայաստանից ելույթներ չեն հնչել, միայն Հրանտ Կոստանյանն է ելույթ ունեցել, այն էլ Բրյուսելի գիտահետազոտական կազմակերպությունն էր ներկայացնում: Հայաստանը չուներ զեկուցողներ, ինչը, Սոնա Այվազյանի խոսքով, ցավալի էր:
«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հանրային կապերի և ծրագրերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանն էլ նշեց, որ Ուկրաինան ամենաթեժ կետն էր. հաճախ խոսակցությունները ծավալվում էին Ուկրաինայի շուրջ: Այսինքն՝ հրամայականները Հայաստանին չէին ուղղված, դրա համար ընդհանուր պրոցեսներից դուրս էին մղված: Լեյտմոտիվը, նրա խոսքով, հետևյալն էր՝ ձեզ հետ ինչի՞ ց խոսենք: Նա առանձնացրեց Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկու ելույթը, որը, նրա դիտարկմամբ, առհասարակ ցինիկ ելույթ էր, ովով ասում էր՝ եթե չեք ուզում, դուք եք ձեր ճակատագիրը որոշում:
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններին և մի շարք եվրոպացիների հաջողվեց նենգափոխել Սերժ Սարգսյանի կատարած միանձնյա հայտարարությունը` վերափոխելով «Հայաստանի ինքնիշխան որոշմում» ձևակերպմամբ: «Երբ փորձում են համեմատության մեջ դնել Հայաստանին և Ուկրաինային… Մի դեպքում` օրինական ճանապարհով ընտրված իշխանություն, մյուս կողմից` ՄՄ միանալու և Եվրասիական միություն ստեղծելու երազանքի մասին հայտարարություն Սերժ Սարգսյանի անունից: Իսկ Ուկրաինայի կողմից նման ցանկություն կամ հայտարարություն չի՞ եղել»,-ասաց նա:
Սոնա Այվազյանն էլ նշեց, որ սեպտեմբերի 3-ի հետևանքները մենք կամաց-կամաց ենք զգալու, և դրա հետևանքն էր արդեն, որ մի քանի օր առաջ Պուտինի այցի իրադարձությունների ժամանակ ճնշումներ կիրառվեցին երկրի քաղաքացիների նկատմամբ:
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ սեպտեմբերի 3-ը պետական դավաճանություն է, Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ չէ, ինչի մասին ինքը լավ գիտի, և իրավունք չուներ ժողովրդի անունից հանդես գալ և մի քանի րոպեում որոշում փոխել:
Լևոն Բարսեղյանը անդրադարձել է նաև Պուտինի Հայաստան այցելությանը՝ նշելով, որ այդ օրը Գյումրիում տեղի ունեցածը այլանդակությունների կատարսիսն է. «Հարսանքավորները եկեղեցի են եկել նրբանցքով: Կամ` խնդրում են լվացք չփռել դրսից Պուտինի այցելության ժամանակ»:









































