Այսօր Վանաձոր համայնքի ավագանու տարեվերջյան նիստում ավագանու 20 անդամներից ներկա էին 12-ը: Նիստն սկսվեց 20 րոպե ուշացումով` քվորումն ապահովելուց հետո միայն: Բացակայում էին հիմնականում «տեսակետ ունեցող» ավագանու անդամները, մասնավորապես` Գայանե Քալանթարյանը, Արամ Խաչատրյանը, Վահագան Դավիթավյանը, Խորեն Վարդանյանը, որոնք նիստերի ընթացքում համարձակվում են առաջարկություններ ներկայացնել քաղաքապետին, դեմ կամ ձեռնպահ քվեարկել նախագծերին, կարծիքներ հայտնել:
Այսօրվա նիստում ավագանին հաստատելու էր քաղաքի 4 մանկապարտեզների տնօրենների պաշտոնում քաղաքապետ Սամվել Դարբինյանի ներկայացրած թեկնածուներին:
Համայնքային ենթակայության այս հաստատություններում քաղաքապետ Դարբինյանի կողմից այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներից արդեն տնօրենի պաշտոնակատարներ էին նշանակվել` թիվ 2 ՆՈՒՀ-ում (նախաուսումնական հաստատություն)` քաղաքապետի աղջիկը` Աննա Դարբինյանը, թիվ 8 ՆՈՒՀ-ում քաղաքապետի եղբոր աղջիկը` Ալլա Դարբինյանը, թիվ 33 ՆՈՒՀ-ում` քաղաքապետի կնոջ եղբոր (աներձագի)` քաղաքապետարանի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանի կինը` Գայանե Սարգսյանը, իսկ թիվ 34 ՆՈՒՀ-ում` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանի աղջիկը` Արփինե Սարիբեկյանը:
Նշված կանանցից զեկուցողն անդրադարձավ միայն քաղաքապետի ու նրա եղբոր աղջկա աշխատանքային «բնութագրերին»: Քաղաքապետի աղջկա մասին նշվեց. «Աշխատելու ընթացքում և թիվ 8 նախակրթարանում, և 2-րդ նախակրթարանում բավականին ակտիվ է եղել իր գործունեությամբ, վայելում է կոլեկտիվի, ծնողների սերն ու հարգանքը, բավականին դրական արձագանքներ հենց մեր բաժնին ստացել ենք»:
«Բավականին ակտիվ էր աշխատանքային գործունեության մեջ եղել, ինչն էլ հիմք էր ծառայել նրա թեկնածությունը նշանակելու որպես տնօրեն»,-սա էլ քաղաքապետի եղբոր աղջկա մասին էր:
Ավագանու 12 ներկա անդամները միաձայն հաստատեցին մանկապարտեզի տնօրենի պաշտոններում քաղաքապետ Սամվել Դարբինյանի թեկնածուներին:











































