«Մենք գտնվում ենք անցումային ժամանակաընթացքում, երբ ավտորիտար կառավարմանը բնորոշ ինստիտուցիոնալ համակարգից պետք է անցում կատարենք ժողովրդավարական և իրավական պետության համակարգին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, սակայն, որ անպատժելիությունը պետք է դադարի գոյություն ունենալ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ վենդետաներ չեն լինելու, ապա իրավապաշտպանը նկատեց. «Վենդետա բառը նշանակում է առանց օրենքի, առանց դատարանի որոշման մարդուն ենթարկել պատժի: Չի լինելու վենդետա՝ նշանակում է չի լինելու որևէ վրեժխնդրություն: Բայց միաժամանակ նշում է, որ օրենքի առջև պատասխանատվության մասին է խոսքը»:
Սաքունցի համոզմամբ՝ առաջին քայլը պետք է լինի այն, որ քրեական գործ հարուցվի 20 տարի ՀՀԿ-ի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների հիմքով. «Սա է այն հիմնական մեկնակետը, որի հիման վրա արդեն առանձին պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունները կդառնան քննության առարկա: Եվ երկրորդ՝ մարդը իր խախտված իրավունքի համար պետք է ստանա փոխհատուցում: Առանց այս գործողությունների կատարման չի կարելի խոսել անպատժելիության վերացման և դատական իշխանության նկատմամբ վստահության մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































