Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ այս օրերի ամենամեծ ձեռքբերումը մարդկանց ոգևորությունն էր։ «Մարդիկ ինչ-որ բան տոնում էին, գաղջ մթնոլորտից դեպի տոնական մթնոլորտ անցում կատարենք։ Ես այսպիսի մի դեպք եմ հիշում՝ 1992 թվականի մայիսի 8-ը, երբ մարդիկ տոնում էին Շուշիի ազատագրումը։ Բայց հետո եկավ հունիսը, և մենք կորցրեցինք թե՛ Շահումյանը և թե՛ Մարտակերտի զգալի մասը, ծանր պատերազմ էր ու մենք հազիվ կարողացանք մազապուրծ լինել։ Ուզում եմ ասել, որ սա աշխատանքի սկիզբն է։ Այսինքն՝ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ պետք է անի կառավարությունը, և ինչ պետք է անենք մենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զոլյանը։
Քաղաքագետը նշում է՝ վենդետա չպետք է լինի, բայց բոլորն իրենց արածի համար պետք է պատասխան տան։ «Առանձին հարց է «Սասնա ծռեր»-ը, նրանց ոչ թե ահաբեկիչ, այլ ռազմագերի պետք է համարենք։ Եթե նրանց դիտարկենք որպես ահաբեկիչ՝ ազատ արձակելը արդարացի չի լինի, բայց նրանք ապստամբություն են արել այն ռեժիմի դեմ, որը բռնազավթել է իշխանությունը»,- ընդգծեց Սուրեն Զոլյանը։
Նրա դիտարկմամբ՝ մենք հիմա հասել ենք մի իրավիճակի, երբ իրավական մեխանիզմները չեն գործում. «Այդ մարդիկ աներես են, եթե խիզճ ունենային՝ կհասկանային, որ ամենամեծ պատիժն այն ուրախությունն էր, որ ապրեց ժողովուրդը նրանց հեռացնելիս»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։











































