Արմեն Աշոտյանը նախօրեին օտարերկրացի լրագրողների հետ հանդիպմանը ֆենոմենալ է համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը՝ բացատրելով, որ այդ կուսակցությունը չունի տարածքային կազմակերպություններ: Իսկ ֆենոմենը նա պայմանավորում է սկսված շարժման գործոնով: «Ժամանակակից երկրներում գործընթացները հաճախ անձանց են բերում իշխանության, որոնք ոչ թե կուսակցության, այլ շարժման առաջնորդներ են», – ասել է Արմեն Աշոտյանը` հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի օրինակը: Աշոտյանը ներկայացնում է ՀՀԿ, այսպես կոչված, ինտելեկտուալ թևը և նրա համար դժվար չէ մանիպուլացիայի ենթարկել լրագրողների, ովքեր քաջածանոթ չեն Հայաստանի քաղաքական իրականությանը:
Երբ Սերժ Սարգսյանը ձգտում էր վարչապետության, ՀՀԿ-ում նրան համեմատում էին Մերկելի հետ, հիմա թավշյա հեղափոխության հիմքում դնում են Մակրոնի ֆենոմենը` պատրանք ստեղծելով, թե Հայաստանում տեղի ունեցածը քաղաքական համակարգի ճգնաժամի համաշխարհային տրենդի հետևանք է: Իրականում` Հայաստանում տեղի է ունեցել մասշտաբային հեղափոխություն, որը հետևանք է ոչ թե համաշխարհային միտումների, այլ քաղաքական համակարգի բացակայության` առհասարակ: Հասարակությունը հոգնել էր քրեաօլիգարխիայի բեսպրեդելից և վստահ էր, որ խնդիրը կարող է լուծել ոչ թե ընտրատեղամասերում, այլ` քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաների միջոցով:
Deutsche Welle կայքին տված հարցազրույցում քաղաքական փիլիսոփա, Ստենֆորդի համալսարանի գիտաշխատող Ֆրենսիս Ֆուկույաման պոզիտիվ հայացքով է անդրադառնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` կարծելով, որ մարդիկ զանգվածաբար ընդվզեցին, երբ տեսան, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը:
Նույնիսկ հարգարժան գիտնականի տեսակետը թերի է, որովհետև հայկական հեղափոխության ընթացքը ցույց տվեց, որ հասարակության համար Սերժ Սարգսյանը ոչ թե կոնկրետ մարդ է, այլ` համակարգի խորհրդանիշ, իշխանության անփոխարինելիություն,քրեաօլիգարխիա: Հասարակության անհնազանդության գործողությունները նոր ծավալ ձեռք բերեցին Սարգսյանի հրաժարականից հետո. դա նոր Հայաստանի ոչ երկիմաստ ուղերձն էր, որ ինքը ձգտում է ոչ թե կոնկրետ պաշտոնյայի հեռացմանը, այլ` ամբողջ համակարգի կապիտուլյացիային: Պատահական չէ, որ քրեաօլիգարխիան չգտավ երկրորդ մեկին, ում միջոցով հնարավոր լիներ վերականգնել 2017-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրված ստատուս-քվոն` չնայած Մոսկվայից ամենաբարձր մակարդակով հնչած ուղերձին: Ֆրենսիս Ֆուկույաման, ինչպես աշխարհում այս օրերին շատերը, հիացած է մեր հասարակության պայքարով, սակայն մտահոգված է Հայաստանի ճակատագրով, նրա ու Ռուսաստանի առճակատման հեռանկարով:
Գիտնականն, ըստ էության, ակնարկում է Մոսկվայի ռևանշի մասին` պնդելով, թե վերջինիս ձեռնտու է գործ ունենալ Հայաստանի հին համակարգի հետ: Այս մտահոգությունները, կարծես թե, հակադրության մեջ են մտնում Վլադիմիր Պուտինի երեկվա հրապարակային հայտարարության հետ, թե ինքը հարգում է սեփական քաղաքականություն ունենալու հեռխորհրդային երկրների իրավունքը: Ամբողջ խնդիրն այն է, որ Պուտինի երեկվա հայտարարությունից հետո բոլորի մտահոգությունները բազմապատկվել են, որովհետև աչքներիս առջև է ռուսական «չմիջամտության» հետևանքները Ուկրաինայում, Վրաստանում: Մոսկվան օբյեկտիվորեն չի կարող լինել մրցակցային պետության դաշնակիցը, ինչն ապացուցելի ճշմարտություն է, երբ ուսումնասիրում ենք Ռուսաստանի այսօրվա դաշնակիցների կամ սատելիտների ցանկը:
Թավշյա հեղափոխությունը Հայաստանին տանում է նոր որակի, մրցակցային պետություն ստեղծելու ճանապարհով կամ, որ նույնն է` հեռացնում է Մոսկվայից: Վերջինս այսօր դադար է վերցրել, որովհետ գործընթացի առաջին փուլում պարտվել է թավշյա հեղափոխությանը ու դեռևս չի գտել դրան հակազդելու արդյունավետ միջոց: Նիկոլ Փաշինյանի կառավարության ցանկացած ռեֆորմ, երկրի արդիականացման ցանկացած փորձ Մոսկվան համարելու է մարտահրավեր իր աշխարհաքաղաքական շահերին, որովհետև Հայաստանում Ռուսաստանի այսօրվա միակ դաշնակիցը քրեաօլիգարխիան է, որի կենսական տարածքի հաշվին ընդլայնվում է նոր Հայաստանը:
Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, երբ հեղափոխությունը հեռու է պահում աշխարհաքաղաքական համատեքստից, մյուս կողմից` չի կարող կոմպրոմիսի գնալ քրեաօլիգարխիայի հետ, որը ռուսական կոռուպցիոն համակարգի ենթակառույց է: Հայաստանում ինչքան խորանան ռեֆորմներն` այնքան իրական է դառնում Մոսկվայի հետ բախման հավանականությունը: Արդյո՞ք սա գիտակցվում է Հայաստանի նոր իշխանության կողմից: «Սերժ հեռացիր» կարգախոսն արդյունավետ աշխատեց մինչև կոնկրետ մարդու հեռացումը, դրանից հետո խաղը բարդանում է, որդվհետև այսօրվա «հեռացող Սերժը» ռուսական կոռուպցիոն բուրգն է:








































