Գերմանիան կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կառավարման եռակողմ կոնսորցիումի ստեղծման բանակցային գործընթացում: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին ուկրաինական « 5-րդ ալիքին» տված հարցազրույցում:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ուկրաինական կառավարության դիրքորոշումն անփոփոխ է մնում. կոնսորցիումի կազմ պետք է մտնեն Ուկրաինան, Ռուսաստանը և Եվրամիությունը:
«Անգելա Մերկելը պատրաստ է միջնորդ լինել այդ բանակցություններում, քանի որ Գերմանիան կախված է գազի մատակարարումներից»,- ասել է նա:
Խոսելով Ուկրաինայի համար ներկրվող բնական գազի գնի մասին՝ Ստավիցկին հայտնել է, որ կառավարությունը կձգտի հասնել գնի իջեցման:
Նա նշել է, որ այս տարի ռուսական կապույտ վառելիքի մեկ խորանարդ մետրի արժեքը կազմել է միջինը 401-402 դոլար, մինչդեռ «արդար գինը» պետք է կազմի մոտ 280 դոլար (հաշվի առնելով Խարկովյան համաձայնագրերը):
Նախարարը նշել է, որ այս տարի ԵՄ երկրներից Ուկրաինա կմատակարարվի առնվազն 2.5 մլրդ խորանարդ մետր գազ, եվրոպական գազի միջին արժեքը կազմում է մոտ 370 դոլար: Ծրագրվում է ԵՄ-ից մատակարարումները մեծացնել ևս մեկ երթուղու բացմամբ՝ Սլովակիայի միջոցով: Նա համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի իրենք կկարողանան ներկրվող գազի գինն իջեցնել 10-15 տոկոսով, և դա ոչ միայն շնորհիվ Ռուսաստանի հետ բանակցությունների:










































