Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նոյեմբերի 2-ին ԱԺ նիստում պահանջեցին ազատ արձակել առավոտյան ձերբակալված ինը ակտիվիստներին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ակտիվիստները պայքարում էին ՀՀ ինքնիշխանության ու արժանապատվության համար: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկացած անօրինականություն դատապարտելի է իր համար: Նա նաև նշեց, որ համամիտ չէ այն նախաձեռնություններին, որ մարդկանց իրենց կամքին հակառակ դրդում են փողոցում մարդ դիմավորել և խոստացավ ճշմարտությունը պարզել: Խոստմանը հավատարիմ՝ ԱԺ նախագահը պարզեց և նիստի ժամանակ տեղեկացրեց, որ որևէ ակտիվիստ ձերբակալված չէ, նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման՝ շենքերի վրա պաստառներ փակցնելու համար և երեք ժամվա ընթացքում ազատ են արձակվելու: «Որևէ ձերբակալված ակտիվիստ չկա»,- կրկնեց նա:











































