ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 2-ին ԱԺ հերթական քառօրյայի սկզբում դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նշեց, որ իրենք ոչ միայն անջատում են իր խոսափողը, այլև մոռանում են շնորհավորել իրենց խմբակցության ներկայացուցչի ծննդյան օրը: Նշենք, որ այսօր իր ծննդյան տարեդարձն է տոնում «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
Փոստանջյանը դա վերագրեց ԱԺ նախագահի էթիկային և ասաց, որ իրավունք չունեին խտրականություն դնել իրենց և այլ խմբակցությունների միջև: Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշեց, որ այսօր նաև մեկ այլ պատգամավորի՝ Արտաշես Գեղամյանի ծննդյան օրն է, և ըստ օրենքի իրենք շնորհավորում են, սակայն օրակարգը հաստատելուց հետո: Ի վերջո, Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Թևան Պողոսյանին և Արտաշես Գեղամյանին՝ հավելելով. «Շնորհավորում եմ, բայց ոչ՝ տիկին Փոստանջյանի հուշելով, իհարկե»:







































