Կիրակի Էնրիկե Պենյա Նյետոն նախագահի պաշտոնում իր 1-ամյակը նշել է երկրի մայրաքաղաքում զանգվածային ակցիաների ֆոնին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Կառավարությունը հաստատել է ամենաառաջնային բարեփոխումները իր աշխատանքի առաջին տարում»,- ընդգծել է նախագահը Մեխիկոյում միջոցառման ժամանակ՝ ամփոփելով իր աշխատանքի առաջին տարին:
Հասարակությանը բարկացրել է կառավարության՝ էներգետիկ ճյուղը, մասնավորապես՝ Pemex նավթային ընկերությունը բարեփոխելու մտադրությունը: Վերջինս 1938թ. գտնվում է պետության ձեռքում:
Իշխանությունների ծրագրի համաձայն՝ այս բարեփոխման արդյունքում Pemex-ը իրավունք կստանա պայմանագրեր կնքել մասնավոր ընկերությունների հետ: Ընդ որում, խոսքը սեփականաշնորհման մասին չէ՝ հավաստիացնում են իշխանությունները, սակայն ձախ ուժերը չեն հավատում այդ խոստումներին: Մեխիկոյի փողոցներում նախագահի առաջին տարվա արդյունքների դեմ 40 հազար մարդ դուրս են եկել բողոքի ակցիայի:
«Մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք թալան կատարել»,- ցույցի ժամանակ ասել է նախագահի նախկին թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:
Քաղաքական գործչի խոսքերով՝ իր կողմնակիցները մտադիր են իրականացնել խորհրդարանի խաղաղ շրջափակում, երբ այնտեղ սկսվի էներգետիկայի բարեփոխման քննարկումը:
Ոստիկանությունը ցույցերի ժամանակ ձերբակալել է 14 մարդու՝ բարբարոսության, կողոպուտի և նյութական վնաս հասցնելու մեղադրանքով:









































