ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Կիևում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը՝ հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք Ուկրաինայի ղեկավարությանը կոչ ենք անում ապահովել խոսքի ու հավաքների ազատությունը… բռնությունն ու ահաբեկումները անթույլատրելի են այսօրվա Ուկրաինայում»,- հայտարարել է նա:
Իր հերթին ԵՄ-ն նույնպես վճռականորեն դատապարտել է Կիևի խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը և ուկրաինական իշխանություններին կոչ է արել գտնել մեղավորներին:
«ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է անցած գիշեր Կիևում խաղաղ ցուցարարներին ցրելու ժամանակ ուժի չափից ավելի կիրառումը ոստիկանության կողմից: Մենք նախագահին և ուկրաինական իշխանություններին կոչ ենք անում հետաքննություն անցկացնել անցած գիշերվա դեպքերի կապակցությամբ և գտնել մեղավորներին, ովքեր գործել են ազատ հավաքների և խոսքի ազատության հիմնարար սկզբունքների դեմ»,- ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և ընդլայնման ու հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարության մեջ:







































