«Նախախորհրդարանն» այսօր կազմակերպել էր քննարկում՝ Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի շուրջ:
Ինչպես բացման խոսքում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, իրավաբան, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, գծվում է ճանապարհային քարտեզ, որը դառնալու է նոր որակի Հայաստանի ծրագիրը:
Խոսելով ազգային անվտանգության մասին՝ նա նշեց, որ մենք պետք է կարողանանք ինքնուրույն պաշտպանել մեր սահմանները, որովհետև վտանգի դեպքում մենք ենք լինելու կանգնած թշնամու առաջ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, նրա հավաստմամբ, Հայաստանը այս կառույցի կողմից ենթակա է ուղիղ թելադրանքի: Ըստ էության, կատարվում է ռազմավարական ուժերի կենտրոնացում Մոսկվայում, իսկ Հայաստանի համար պետք է փորձենք միանգամայն այլ տեսակետից նայել հարցերին և շարժվել ուրիշ տրամաբանությամբ:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ինքը ուրիշ պետություն չգիտի, որի սահմանները հսկում են մեկ այլ պետության զինված ուժեր, ուստի պետք է քննարկման դնել նաև ռուսական ռազմաբազայի հարցը, անհրաժեշտության դեպքում կատարել բարեփոխումներ:
Քննարկման մյուս բանախոս՝ «Նախախորհրդարանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ մենք մեր հույսը ոչ թե քանակի, այլ որակի վրա պետք է դնենք. «Մենք կարողացել ենք քիչ ուժերով հաղթել պատերազմը, սակայն այն ժամանակ էլ, հիմա էլ մարդկային կյանքի կորստի հետ հեշտ հարմարվելու տրամադրություն եմ նկատել, վայրենությունը մինչ այժմ շարունակվում է: Ամեն մի մարդու կյանքի արժևորման համակարգը պետք է գերիշխի»:
Նա նաև ընդգծեց, որ պետք է քայլեր արվեն հայ սպայի կերպարը մտավորականի կերպարի վերածելու համար:
«Որակական մեր հատկություններն ենք կարևորում: Ես համոզված եմ, որ մենք ունենք այդ ռեսուրսը: Ես շատ եմ կարևորում խաղաղ պայմաններում ՀՀ քաղաքացու զենք կրելու իրավունքը. ամեն տուն պետք է ունենա զենք կրելու իրավունք, այն իմաստով, որ մեզ սերնդեսերունդ արգելել են զենք կրել՝ իրավունք չենք ունեցել մեր իրավունքները պաշտպանել, հակառակ դեպքում մենք կկործանվենք»,- ասաց նա:











































