Իսրայելը մտադիր չէ մասնակցել ներսիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին և կընդունի ցանկացած վերջնական որոշում, փոխանցում է Ria Novosti-ն՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հայտարարությանը:
Կարծիք կա, որ Իսրայելին ձեռնտու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի անկումը:
«Մեզ համար բացարձակապես միևնույնն է: Սա մեր պատմությունը չէ, մեր թեման չէ: Շատերը փորձում են մեզ այնտեղ քաշել, ներքաշել այդ հակամարտության մեջ: Մենք մնում ենք հստակ դիրքորոշման՝ չմիջամտել: Առայժմ դա միայն ներքին հակամարտություն է, մենք չենք պատրաստվում միջամտել: Դա մեր գործը չէ»,- ասել է Լիբերմանը:
«Մենք բացարձակապես անտարբեր ենք, թե ինչպիսին կլինի այս հակամարտության քաղաքական արդյունքը: Մենք կընդունենք ցանկացած որոշում: Մենք չենք պատրաստվում արտահայտել մեր կարծիքն ու խորհուրդներ տալ»,- ավելացրել է նա:
Լիբերմանը կրկնել է, որ Իսրայելին միջամտության կարող է դրդել միայն հարձակումն իր վրա, ինչպես նաև՝ զինյալների փորձերը՝ տիրապետել զանգվածային ոչնչացման միջոցների և բարձր տեխնոլոգիական զենքի:









































