«Ողջունելով հանդերձ զինծառայողների քաղաքացիական դիրքորոշումը՝ պետք է հստակ արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Զինված ուժերը բոլոր դեպքերում պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն։ Անհապաղ պետք է զորքին, խաղաղապահ ջոկատին հանել հավաքի միջից։ Դա անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց զինվորական գործերով զբաղվող փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողների մասնակցությունը հավաքին, ցույցերին իշխանությունների կողմից կարող է հիմք հանդիսանալ հավաքը հակասահմանադրական դիտարկելու և դրանից բխող գործողություններ իրականացնելու համար։
«Կրկնում եմ՝ ողջունելով զինծառայողների քաղաքացիական դիրքորոշումը՝ անթույլատրելի ենք համարում նրանց մասնակցությունը հավաքին։ Սա համաժողովրդական զարթոնք է, բայց զինված ուժերը պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն։ Զինված ուժերը ունեն նաև սպայական կազմ, ստորաբաժանումներ, որոնք կարող են հակառակ ուղղությամբ աշխատել»,- ընդգծեց Նորիկյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում պետք է հնարավորություն ընձեռել Նիկոլ Փաշինյանին կոչով դիմելու զինվորներին՝ դուրս գալ հավաքի շարքերից։
Նշենք, որ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը ևս իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել, «հորդորել և պարտադրել, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ լքել երթը և վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չունի որևէ արդարացում իր նշանակման ծառայության վայրը լքելու»,- գրել է Վահե Գրիգորյանը։
Նշենք, որ այսօր կեսօրին Երևանի փողոցներով իրականացվող ինքնաբուխ երթին են միացել նաև Զինված ուժերի խաղաղապահ զորքերը։
Լուսանկարը՝ Photolure-ի











































