Թեև Հատուկ քննչական ծառայությունը երկու շաբաթ առաջ ավարտել էր Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝այսօր Կիվիրյանը դարձյալ հրավիրել էր քննչական մարմին:
Մոտ մեկ ժամ այստեղ անցկացնելուց հետո իրավապաշտպանը փոխանցեց, որ նախաքննությունը վերսկսվել է, և որոշ ճշգրտումներից հետո այսօր երկրորդ անգամ գործն ուղարկվել է դատարան։
««Տուժող» ոստիկանների ցուցմունքներում առկա էին էական հակասություններ, և որպեսզի փորձեն դզմզել այդ հակասությունները, նորից վերսկսել էին այդ գործի վարույթը, կանչել այդ ոստիկաններին հարցաքննության։ Նրանք այս անգամ բացատրել էին, թե ինչու այն ժամանակ պատահաբար խառնել են գործողությունների հերթականությունը և հիմա իրենք ճիշտը հիշում են»,- փոխանցել է Կիվիրյանը։
Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և սուտ մատնության մեջ, որը վերաբերում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելուն: Ամռանը Կոմիտաս 5 շենքի բնակիչներին աջակցություն հայտնած իրավապաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, թե բաժին տանելիս ոստիկանական մեքենայի մեջ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել, մինչդեռ այսօր ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: Իրավապահները պնդում են, որ Կիվիրյանն ինքն է իրեն վնասել՝ գլխով խփելով մեքենայի դռանը։
«Ըստ ՀՔԾ-ի հեքիաթի՝ ես հերիք չէ բռնություններ եմ իրականացրել այդ ոստիկանի նկատմամբ, ծեծելով երեք ոստիկանի տանել Արաբկիրի ոստիկանական բաժին և ճանապարհին էլ ինքս ինձ վնասել եմ։ Այսինքն նման աբսուրդ վարկած կարող է ծնվել միմիայն Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններում»,- ասսել է նա։
Կիվիրյանի փաստաբանի խոսքով՝ քրեական գործի փոխարեն ականատեսն ենք հաշվեհարդարի. Լուսինե Սահակյանն ասում է՝ ոստիկանների ցուցմունքները անգիր արած դաս են հիշեցնում՝ լրացնելով ծայրից ծայր սարքված գործը: Փաստաբանը մտադիր է միջնորդություն ներկայացնել նախաքննական մարմնին՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը։
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում











































