Նոյեմբերի ընթացքում Չինաստանում H7N9 թռչնագրիպով մարդու վարակման երրորդ դեպքն է արձանագրվել: Վիրուսով վարակվել է արևելյան Չժեցզյան մարզի 57-ամյա բնակիչը: Բժիշկները հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:
Չինաստանում H7N9 վիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 139-ի, որոնցից 45-ը մահվան ելք են ունեցել: Վիրուսն առավել մեծ տարածում է ստացել Չժեցզյան մարզում և հարևան շրջաններում:
Մեկ ամիս առաջ չինացի բժիշկները պատվաստանյութ էին ստեղծել գրիպի այդ տարատեսակի դեմ, որն առաջին անգամ մարդկանց մոտ հայտնվել էր այս տարվա մարտին: Մինչ օրս չկա վկայություն այն մասին, որ H7N9-ը կարող է մարդուց մարդուն փոխանցվել: Սակայն միկրոկենսաբանները չեն բացառում նման հնարավորությունը, եթե շտամը մուտացիայի ենթարկվի:









































