Էկոնոմիկայի նախարարի հրամանով ոսկու շուկայում իրականացվող ստուգումների արդյունքներից դժգոհ վաճառողներն այսօր վաղ առավոտից դուրս էին եկել բողոքի ակցիայի: Հիշեցնենք, որ սխալ հարգորոշման համար մի քանի վաճառող տուգանվել է, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել ոսկու շուկայում, և վերջիններս այսօր գործադուլ էին հայտարարել:
Վաճառողները երկու օր առաջ սկսված ստուգումների մեջ միտում են տեսնում: Նրանց խոսքով՝ իրենք բազմիցս հանդիպել են նախարարի հետ, ով ողջյունել է մանր ու միջին բիզնեսը և խոստացել աջակցել իրենց, իսկ հիմա հանկարծ սկսում է տուգանել իրենց:
«Այսօր ականատես ենք լինում իր ասածի հակառակ պատկերին: Չենք հասկանում՝ ինչի համար է այս ամենը: Ով սխալ հարգորոշում է անում, թող իրենց տուգանեն, ոչ թե վաճառողներին: Տարին փակվում է, չգիտեն՝ բյուջեն ինչով լցնեն կամ էլ չգիտեն՝ Նոր տարին ինչով անեն, դրա համար էլ սկսել են տուգանել մարդկանց: Դա է հիմնական պատճառը, թե չէ՝ ուրիշ խնդիր չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը՝ Շողիկ Առաքելյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե ստուգումները և տուգանքները շարունակվեն, ապա իրենք կշարունակեն իրենց գործադուլը և ակցիաները: «Այստեղ անօրինականություն չկա, թող գնան ուրիշ տեղ փնտրեն անօրինականություն»,- հավելեց տիկին Շողիկը:
Այնուհետև բողոքող բազմությունը երթով շարժվեց դեպի կառավարության շենք, որտեղ նրանց լսեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով վերջիններիս խոստացավ հստակ պատասխան տալ միայն հարցը խորապես ուսումնասիրելուց հետո: Իսկ մինչ այդ նա խոստացավ, որ ոսկու շուկայում ստուգումները կդադարեցվեն, և այլեւս նոր տուգանվողներ չեն լինի: Ղազարյանը չպատասխանեց հարցին, թե ինչ կլինի մինչ այդ տուգանված վաճառողների հետ:










































