Իրանը սկսել է բանակցություններ վարել արևմտյան էներգետիկ առաջատար ընկերությունների հետ: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն:
Նրա խոսքերով՝ Իրանի նավթի նախարարությունը բանակցություններ է վարում եվրոպական էներգետիկ ընկերությունների և անուղղակի կերպով՝ ամերիկյան խմբերի հետ: Իրանն այդ ընկերություններին հրավիրում է ներդրումներ կատարել երկրում էներգետիկ ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու դեպքում:
Ֆրանսիական Total-ը, բրիտանական Shell-ը, իտալական Eni-ն և նորվեգական Statoil-ը գտնվում են ընկերությունների ցուցակում, որոնց նախարարը ցանկանում է վերադարձնել իրանական էներգետիկ ոլորտ:
Հիշեցնենք, որ կիրակի Իրանը և «վեցյակ»-ը համաձայնության են հասել Թեհրանի միջուկային ծրագրի հարցում, ըստ որի՝ Իրանը պարտավորվում է հրաժարվել 5%-ից բարձր ուրանի հարստացումից և պատասխանատվություն է ստանձնել չմեծացնել միջուկային վառելիքի հարստացման հզորությունը իր ռեակտորներում:







































