«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
– Պարոն Հովհաննիսյան, դեկտեմբերի 2-ին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը ՀՀ: Վերջին զարգացումների ֆոնին այցի մասին տեղեկությունը բավականին անակնկալ էր: Ի՞նչ եք կարծում՝ այցն ի՞նչ մեսիջ է ՀՀ իշխանության և ընդդիմության համար, այն չի՞ լեգիտիմացնում ՀՀ իշխանություններին և ցույց տալիս, որ ՌԴ-ին այս փուլում ձեռնտու է աշխատել այս իշխանության հետ, որը բռնեց ՄՄ ուղին:
– Ասեմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն ամենևին էլ անակնկալ չի: Հակառակը՝ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին արած հայտնի հայտարարությունից հետո Պուտինի այցը միանգամայն կանխատեսելի էր: Հիշեցնեմ, որ ՀՀ նախագահը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այցելեց Մոսկվա և իր ռուսաստանյան գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հրավիրեց նրան պետական այցով հյուրընկալվել Հայաստանում: Այցը նախատեսվում էր 2012 թվականի աշնանը, սակայն, իհարկե, Մոսկվայում գիտեին Եվրամիության հետ ընթացող Հայաստանի բանակցությունների մասին, ուստի այցն անընդհատ հետաձգվում էր: Հասկանալի է, որ այն կարող էր կայանալ միայն Հայաստանի իրական դիրքորոշման բացահայտումից հետո:
Հիշեցնեմ նաև այն, որ 2012 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով հերթական անգամ մեկնեց Մոսկվա և կարողացավ ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին փարատել պաշտոնական Մոսկվայի անհանգստությունները՝ ապահովելով Կրեմլի աջակցությունն առաջիկա ընտրական գործընթացներում իշխանության վերարտադրման հարցում: Վկայակոչելով այն իրողությունը, որ Արևմուտքն անցած տարիների ընթացքում ձևավորել է Հայաստանում ներքաղաքական զարգացումներն ուղղորդելու և կառավարելու քաղաքացիական լուրջ ենթակառուցվածքներ, որոնց գործի դրմամբ կարող է էական խոչընդոտներ ստեղծել իշխանության վերարտադրման ճանապարհին` Սերժ Սարգսյանին հաջողվել է Կրեմլից քարտ-բլանշ ստանալ Եվրամիության հետ բանակցությունները շարունակելու և խորացնելու համար: Դրա դիմաց Կրեմլը ստացել է երկաթյա երաշխիքներ Հայաստանում ընտրական ցիկլի բարեհաջող ավարտից հետո եվրասիական ինտեգրման գործընթացին միանալու վերաբերյալ:
Հիշո՞ւմ եք, ես դեռ գարնանն եմ քանիցս գրել, ասել, որ Սերժ Սարգսյանը Մոսկվային հուսախաբ անելու հնարավորություն չունի և վերջին պահին կհրաժարվի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Որոշ վերլուծաբաններ ինձ այն ժամանակ մեղադրեցին, թե կանխատեսելով, որ Սերժ Սարգսյանը «քցելու» է Արևմուտքին՝ ես «դավադրաբար» փորձում եմ Եվրոպային անվստահություն ներշնչել Հայաստանի ներկայիս վարչախմբի նկատմամբ: Ես, իհարկե, ներողամտորեն եմ վերաբերվում իմ գործընկերների մոլորություններին, սակայն չեմ կարող ափսոսանքս չհայտնել, որ վարչախմբի իրական մտադրությունների վերաբերյալ նրանց մոլորությունների ազդեցությամբ նաև Եվրամիությունն ու Եվրախորհուրդը փակեցին Մարտի 1-ի էջը, վարչախմբին շնորհելով ընտրությունները կեղծելու, քաղաքական դաշտը այլասերելու, հրապարակային քաղաքականությունը Հայաստանում կատարյալ խեղկատակության վերածելու «ինդուլգենցիա»:
Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքերը ամեն գնով ամրապնդելու միջոցով Հայաստանը Եվրոպային շուտափույթ ինտեգրելու միամիտ ակնկալիքները ոչ միայն մեզ չմոտեցրեցին Հայաստանում Եվրոպական արժեհամակարգի արմատավորման նպատակին, այլ, ընդհակառակը, խրախուսելով վարչախմբի կամայականությունները և աչք փակելով մեզանում հոռի ասիականության նորանոր դրսևորումների վրա` եվրոպական կառույցները և նրանց հովանավորյալները Հայաստանում բթացրեցին հասարակության դիմադրողականությունը՝ ակամայից հասարակությանը ներշնչելով անվստահություն եվրոպական արժեհամակարգի նկատմամբ: Այդ արժեհամակարգը, որի ակունքներում կանգնած են այնպիսի բարոյական և մտավոր հեղինակություններ, ինչպիսիք են Ռուսսոն, Վոլտերը, Դիդրոն, Ջեֆերսոնը, Ադամսը, Լոքը, Կանտը, սկսեց ընկալվել որպես «զարգացած սոցիալիզմի» գաղափարախոսության մի նոր տեսակ. ասում ես մեկ բան, իսկ մտածում և անում ես մի այլ բան: Խոսում ես ազնվության մասին և փողով կուսակցական տոմսեր ու պաշտոններ ես բաժանում, խոսում ես կոռուպցիայի դեմ պայքարի և «ատկատներին» վերջ դնելու անհրաժեշտության մասին և տարբեր կարգի միջազգային չինովնիկներին սեփական երկրի հաշվին բաժին ես հանում: Ինչ վերաբերում է Եվրամիության և Եվրախորհրդի «քրմապետերին», ում, իհարկե, ճիշտ չէ կասկածել դրամաշորթության մեջ (ինչպես, իմիջիայլոց, ԽՄԿԿ-ի քաղբյուրոյի անդամներին անցյալում), ապա նրանք այս ամենի վրա աչք էին փակում ակնկալելով… վարչախմբի աշխարհաքաղաքական ցատկ դեպի արևմտյան քաղաքակրթություն: Ահավասիկ, սրանց էլ կաշառեցին սին խոստումներով և հույսերով` ստեղծելով երկրում արևմտամետների և ռուսամետների թեժ և անհաշտ պայքարի իմիտացիա:
Ժողովուրդն արդեն վաղուց այս «պայքարին» չի հավատում՝ քաջ գիտակցելով, որ և «ռուսամետները» և «արևմտամետները» իրականում խեղկատակներ են, որոնց բոլոր շարժումները կառավարվում են Բաղրամյան 26-ից: Հայաստանում հրապարակային քաղաքականությունը վերացնելուց հետո գործող վարչախումբը ստիպված է այդ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով առաջացնել հրապարակային քաղաքականության իմիտացիա և այդ իմիտացիայի շրջանակներում «անկախականների» և «կայսերապաշտների», «արևմտամետների» և «ռուսաստանամետների», «իշխանության» և «ընդդիմադիրների» պայքարի պատրանք ստեղծել: Այս «պայքարը» թվացյալ է, կամ, ինչպես կասեին բուդդայականները, «մայա» է՝ պատրանք: Իրական են ժողովրդի հուսահատությունը, արտագաղթը և, որպես դրանց հետևանք, պետականության կորստի վտանգը:
Ինչ վերաբերվում է Ձեր հարցին, թե որքանով է Պուտինի այցը լեգիտիմացնում ներկայիս վարչախմբին, ապա պետք է ասեմ, որ պրոցեդուրային իմաստով իշխանության լեգիտիմությունը կարող են ապահովել միայն օրինական, ազատ և արդար ընտրությունները, իսկ բովանդակային իմաստով՝ ժողովրդի կենսամակարդակի աճը և կյանքի որակի բարելավումը: Ոչ մի արտասահմանյան առաջնորդի, նույնիսկ Ռուսաստանի նման Հայաստանի համար կարևոր երկրի առաջնորդի այցը չի կարող ո՛չ բովանդակային, ո՛չ էլ առավել ևս պրոցեդուրային առումներով լեգիտիմացնել վերոնշյալ հարցերում ձախողված իշխանությանը:
– Սա չի՞ նշանակում արդյոք, որ սեպտեմբերի 3-ի որոշմամբ ՌԴ-ն ՀՀ իշխանություններին ներում է երեքուկես տարվա բանակցությունը և գործակցությունը ԵՄ հետ:
– Ներելու խնդիր չկա, քանի որ իրականում Ռուսաստանի կողմից ոչ մի պարտադրանք չի եղել: Ռուսաստանը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տվել Եվրամիությանը կերակրել Հայաստանին Ռուսաստանից պոկելու հույսերով, ինչը պետք է նպաստեր և նպաստեց եվրոպական կառույցների լոյալությանը Հայաստանում անցած ընտրական ցիկլի կազմակերպման եղանակների և մեթոդների նկատմամբ: Սերժ Սարգսյանը «Եվրամիության հետ բանակցություններ» անվամբ այս ներկայացման ընթացքում պարբերաբար վստահեցրել է Մոսկվային, որ եզրափակիչ արարում հայտարարելու է Մաքսային միությանը միանալու մասին, և իսկապես կատարել է իր խոստումը: Պարզ է, որ Սերժ Սարգսյանն այսօր լուրջ պրոբլեմներ ունի ոչ թե Ռուսաստանի, այլ եվրոպական կառույցների հետ: Նրանց վրդովմունքը զսպելու համար հայաստանյան «արևմտամետներին» իջեցվել է Մոսկվայի դաժան շանտաժի մասին առասպելը թմբկահարելու հրահանգ: Պուտինի կերպարի դիվայնացումը, իհարկե, շատ թույլ մխիթարանք է Արևմուտքի համար և հազիվ թե մեղմի եվրոպացիների վրդովմունքը:
– Պարոն Հովհաննիսյան, եթե հիշում եք, գարնանն ու ամռանը խոսակցություններ կային, որ ՀՀ-ում ՌԴ միջոցով իշխանափոխություն է տեղի ունենալու, պնդումներ կային, թե ՌԴ-ն չի ների ՀՀ իշխանություններին, հայաստանյան ընդդիմության և ՀՀ-ում ռուսամետ դիրքորոշում ունեցող կուսակցությունների միջոցով իշխանափոխություն կիրականացնի: Պուտինի այցը մեսիջ չէ՞ այն մասին, որ ընդդիմության և իշխանափոխության հարցը հետաձգվում է:
– Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն հրահրելու մոտիվացիա երբեք չի ունեցել, քանի որ Սերժ Սարգսյանը գործել է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների շրջանակում: Հայաստանում քաղաքական ուժերի տարանջատումը «արևմտամետների» և «ռուսամետների» արհեստածին է՝ չի արտացոլում իրական պատկերը: Ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական դաշտը «մանիպուլյացիոն» կախվածություն ունի նախագահական նստավայրից, այլ նաև այն պատճառով, որ մեր կուսակցությունների օրակարգում արժեհամակարգային տարբերությունները ընդհանրապես չեն կարևորվում: Դրա համար էլ «ռուսամետ» և Բատկայի բարեկամ կուսակցապետը կարող է ցանկացած պահի վազել Բրյուսել՝ արցունքներն աչքերին եվրաչինովնիկների առջև հավաստելով իր հավատարմությունը եվրաինտեգրման վեհ նպատակներին, իսկ ԱՄՆ Պետդեպում ժամանակին կոփված, արևմտյան արժեքների ջատագով կուսակցապետը անհրաժեշտության դեպքում կարող է վազել Մոսկվա «Պուտինից հայ ժողովրդի հաղթանակը բերելու» սեթևեթանքներով: Պուտինը խելքը հացի հետ չի կերել՝ այս մարդկանց մեսիջներ ուղարկելու և նրանց միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար:
– Հնարավո՞ր է՝ ընդդիմությունը փորձի որոշակի մեսիջ հասցնել ՌԴ-ին՝ որոշակիորեն փչացնելով Պուտինի այցը Հայաստան:
– Գիտեք, պատահական չէր, որ Ռուսաստանի լրատվամիջոցները վերջերս լայնորեն անդրադարձան Շանթ Հարությունյանին՝ նրան ներկայացնելով որպես ընդդիմության առաջնորդ: Խորհրդարանական «ընդդիմությունը» արդեն վաղուց որևէ անակնկալ ի վիճակի չէ մատուցել և ոչ մեկին՝ ոչ երկրի ներսում, ոչ էլ դրսում: Կրկնում եմ, հայաստանյան լեգալ քաղաքական դաշտն ուղղորդվում է նույն Սերժ Սարգսյանի կողմից: Մեր խորհրդարանի պատգամավորներին, խորհրդարանական կուսակցությունների ղեկավարներից շատերին նշանակել է նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը: Անակնկալներ կարող են մատուցել միայն Շանթ Հարությունյանի նման «խենթերը», իսկ նրանց թիվը Հայաստանում գնալով մեծանում է նաև խորհրդարանական կուսակցություններից հիասթափության խորացման հողի վրա: Ինչպես գրել է Մաքսիմ Գորկին, խիզախների խենթությունն է հեղափոխության շարժիչ ուժը: Հեղափոխական գրողի սույն արձանագրումը մեզանում այսօր հույժ այժմեական է:







































