Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խորապես հիասթափված է, որ Հայաստանը և Ուկրաինան հրաժարվել են Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրման ծրագրերից՝ հաղորդում է Interfax-ի ուկրաինական ծառայությունը:
«Ես շնորհավորում եմ Մոլդովային և Վրաստանին նախաստորագրման ծրագրերի կապակցությամբ և խորապես հիասթափված եմ, որ Ուկրաինան և Հայաստանը հրաժարվել են գագաթնաժողովին համաձայնագիրը ստորագրելու ծրագրերից: Դա հատկապես մեծ ափսոսանք է առաջացնում, քանի որ երկրներն իրենց ընտրությունը վերանայելու մասին որոշում են կայացրել արտաքին ճնշման ներքո: Մենք պետք է հստակ և բարձրաձայն ասենք, որ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ճնշումները մեր արևելյան գործընկերների հանդեպ ուղղակի անընդունելի են»,- ասվում է Շուլցի հայտարարության մեջ, որն արվել է գագաթնաժողովի նախօրեին:
Միևնույն ժամանակ Շուլցն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման դուռը բաց է:
«Մենք երբեք չենք թողնի տարածաշրջանի երկրների եվրոպական հույսերը և ձգտումները»,- հավելել է նա:
Եվրախորհրդարանի նախագահը վստահ է, որ Արևելյան գործընկերությունն արժեքավոր նախագիծ է, որը մոտեցնում է Եվրամիության և վերջինիս արևելյան գործընկերներին, ինչը քաղաքացիներին շահեր կբերի տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի ամրապնդման միջոցով:








































