Նյու Յորքում սովի են մատնված քաղաքի յուրաքանչյուր 6-րդ մեծահասակ և ամեն 5-րդ երեխա: Այս մասին տեղեկացվում է New York City Coalition Against Hunger կազմակերպության զեկույցում:
Կազմակերպության աշխատակիցները վերլուծել են 2010-2012թթ. տվյալներն ու եզրակացրել, որ քաղաքի բնակչության գրեթե 16%-ը (մոտ 1.4 մլն մարդ, այդ թվում՝ 406.260 երեխա) բախվում է անբավարար սննդի խնդրին՝ հայտնում է Ria Novosti-ն:
Հետազոտության տվյալներով՝ երեխաների 21.85%-ն ապրում է ընտանիքներում, որոնք չեն կարող տարվա ընթացքում նրանց ապահովել լիարժեք սննդով: Վերջին տարիներին քաղաքի «ամենասոված» թաղամասը Բրոնքսն է, որտեղ ապրում են Նյու Յորքի սոված երեխաների գրեթե կեսը: Անբավարար սննդի ցուցանիշով երկրորդ տեղում Մանհեթենն է:
Հետազոտությունը հիմնված է ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի և բարեգործական կազմակերպությունների տրամադրած պաշտոնական տվյալների վրա:







































