Oddity Central-ի տեղեկությամբ՝ վերջին ժամանակներս առավել մեծ տարածում է ստանում դիետան, որի հիմնական բաղադրիչը բամբակե գնդիկներն են, փոխանցում է fedpost.ru-ն:
Համացանցում, հատկապես YouTube-ում և չաթերում, ցուցադրվում է դրանց պատրաստման եղանակը, դրանք թաթախում են լիմոնադի կամ կոկտեյլի մեջ, հետո կուլ տալիս:
Աղջիկները, որոնք սնունդը փոխարինել են այդ գնդիկներով, պնդում են, որ դրանք ապահովում են հագեցվածության զգացում և ավելորդ քաշի վտանգ չեն ներկայացնում:
Բժիշկ-փորձագետները, որոնք ուշադրություն են դարձրել նիհարելու այս նոր մեթոդին, հավանություն չեն տալիս դրան՝ բացատրելով, թե ինչով է բամբակե դիետան վտանգավոր:
«Այսպես կոչված՝ գնդիկների մեծ մասն իրականում պատրաստված է սպիտակեցված պոլիեսթեր մանրաթելերից, որոնք քիմիական նյութեր են պարունակում: Ձեր հագուստը ևս պատրաստված է պոլիեսթերից, ուստի սինթետիկա կուլ տալը համազոր է նարնջի հյութի մեջ թաթախված շապիկ ուտելուն: Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»,- ասել է «Օբզոր Դիետ» կայքի մենեջեր Բրենդի Կոսկին:
Նույն կարծիքին է նաև Դենվերի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Օվիդիո Բերմուդեսը. «Բամբակե գնդիկներ ուտելը նույնքան վատ է, որքան մետաղադրամներ, կոճակներ կամ այլ իրեր կուլ տալը: Բացի շնչահեղձության և թերսնման վտանգից՝ նման կերպ սնվելը կարող է հանգեցնել նյութափոխանակության համակարգի գործառույթների արգելակմանը»:







































