«Ինչո՞ւ է ընդլայնվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, իրական սպառնալիքը սա է»,- ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը՝ մասնակցելով քաղաքական գործիչների և վերլուծաբանների միջև այսօր կայացած թեժ քննարկմանը: Նա նշեց, որ նման քննարկումները սկսվում են, երբ արդեն որոշումները կայացված են լինում, ապա հավելեց, որ դժվար կլինի գնահատել ներկայումս ընթացող զարգացումները և սեպտեմբերի 3-ի որոշումը, քանի որ հանրությունը նման որոշումների մասին տեղեկանում է վերջին րոպեին և ծավալում քննարկումներ միայն այդ որոշումներից հետո այն դեպքում, երբ արտաքին քաղաքականության ուղղությունը որոշելուց առաջ մի քանի տարի շարունակ պետք է հանրային քննարկումներ իրականացվեին: Սարգսյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում շատ նեղ են պատկերացնում այս ինտեգրացիոն ծրագրերը:
«Ի՞նչ պատահեց, որ ԱլԳ երկրները սկսեցին ետ կանգնել ԱՀ ստորագրման արարողությունից, մինչ դա բա չէ՞ին հասկանում, միգուցե ավելի էական բանե՞ր են կատարվել: Կարող եմ ասել, որ անվտանգության, աշխարհաքաղաքական խնդիրները եղել են ավելի կարևոր: Մի մոռացեք, որ Եվրոպայի կողմից լոբբինգ էին անում ՌԴ-ի հարևանները, սա իրենց համար անվտանգության խնդիր էր, ոչ թե՝ ինտեգրացիոն: Հայաստանում դա չէին հասկանում, դա վտանգավոր է: Եթե հանկարծակի են եկել այս վիճակին, կարող են վտանգավոր քայլերի գնալ:
Անվտանգության պրիզմայով եթե նայեինք, կարող էինք քննարկել՝ նա՞ էր վտանգավոր, թե՞ սա: Ամսի երեքի որոշումը շատ ավելի մեծ վտանգ է Հայաստանի համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը ՀՀ-ին ճնշել է: Պետք չէր ճնշել. երբ մարդ չգիտի ինչ անել, առաջարկում են՝ անում է: Ի՞նչ պատահեց, որ ՌԴ-ն ձեռք չի քաշում Հայաստանից: Ինչքան մենք ենք կախված այլ երկրներից, այս պահին մի քիչ ավելի է ՌԴ-ն կախված Հայաստանից: Սա շատ էական է: Ինչո՞ւ են տարածքները վերցնում ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնման համար, ինչո՞ւ են Ադրբեջանին զենք տալիս, հասկանանք՝ ռեալ քաղաքական դաշտը որն է: Նախօրոք չորոշենք: Եթե Պուտինը գալիս է, Հայաստանն առաջարկներով պետք է հանդես գա այն մասին, որ ռուսական զորքերը այստեղից դուրս բերվեն, քանի որ իրականում դրանք նշանակություն չունեն, երբ ինտենսիվ զինում է գնում ՌԴ-ից Ադրբեջան: Մնալու իմաստը վտանգավոր է:
Այլ երկրի նախագահը գալիս է այնտեղ՝ Ադրբեջանի հետ խոսելու ՀՀ-ի անունից, գուցե չի էլ կանչի ՀՀ նախագահին այնտեղ. այստեղ է խնդիրը: Ի վիճակի ենք, թե ոչ պաշտպանել անվտանգությունը՝ դա չէ կարևոր, այլ այն, թե կփորձենք ինչ կարող ենք, բայց խաբել, թե պաշտպանելու համար է այդ ռազմաբազան, սխալ է»,- տեսակետ հայտնեց Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ռազմաբազան Հայաստանում է քաղաքականության համար: Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը գիտեն, որ խոսում են բազայի տիրոջ հետ:








































