Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Ես համոզված եմ, որ վաղը խորհրդարանը անպայման կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Սա եզակի համաձայնագիր է, որի շուրջ Հայաստանի քաղաքական դաշտում կա բացարձակ կոնսենսուս»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն առաջին շահագրգիռ կողմն է ունենալ կայուն, զարգացող տարածաշրջան և կանխատեսելի հարևաններ. «Այո՛, սա ԵՄ-ի լավությունը չէ Հայաստանին»:
«Այո՛, վաղը մենք վավերացնելու ենք համաձայնագիրը, բա հետո՞,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների նյարդայնացնում է «քաղաքական կամք» ձևակերպումը,- բայց այլ ձևակերպումներ, որոնք անհրաժեշտ են լինելու այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, ես չգիտեմ: Եթե դուք գիտեք՝ ասեք»:
Նրա խոսքով՝ այս համաձայնագրով առաջարկվելու են լրջագույն վիրահատական քայլեր. «Ունենալո՞ւ եք քաղաքական կամք այդ քայլերն անելու, որովհետև իմիտացիաների ժամանակն ավարտվել է: Եթե ոչ՝ այս համաձայնագիրը մնալու է ԵՄ-ի կամ ՀՀ ԱԳՆ-ի դարակներում դրված»:
Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ օգտվելով վիզայի ազատակաանցման ռեժիմից՝ Վրաստանի և Ուկրաինայի շատ քաղաքացիներ մեկնել են ԵՄ և այլևս չեն վերադարձել. «Սակայն առաջնորդվել կանխավարկածով և չսկսել վիզաների ազատականացման բանակցություններ, ճիշտ մոտեցում չէ: Հույս ունեմ՝ այդ պատշաճ ժամկետները շատ երկար չեն տևի, և կսկսվեն վիզաների ազատականացման առարկայական բանակցություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































