Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով վերջին մեկ տարվա ընացքում ոլորտում տեղի ունեցած զարգացումների մասին՝ ասաց, որ ամբողջ աշխարհում տեղեկատվության հետ կապված վստահության ճգնաժամ կա: Այսօր շատ հեշտ է դարձել կարդալ նամակագրություն՝ անկախ այն բանից, թե որքան դժվար է գաղտնաբառը. «Դեպքեր կան, որ ինչ էլ անեք, միևնույն է՝ ձեզ կարդալու են: Նամակները կարող են կարդալ սերվերի վրայից՝ շրջանցելով հակավիրուսային ծրագրերը»:
Մասնագետը նշեց, որ, ի տարբերություն այլ երկրների, մենք ավելի թեթև վիճակում ենք, օրինակ՝ վերջերս պարզվեց, որ ԱՄՆ-ը կարդում է Անգելա Մերկելի հեռախոսազրույցները:
Անդրադառնալով Հայաստանին՝ նա նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերն ամբողջությամբ կլանեցին մեդիա դաշտը. «Լրատվական ոլորտը սարսափելիորեն կախված է մնում ֆեյսբուքից. եթե ֆեյսբուքը մի երեք օրով անջատվի, շատ կայքեր ուղղակի չեն ընթերցվի»:
Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այսօր շատ դժվար է տարբերել օրաթերթը, կայքը, հեռուստաընկերությունն ու ռադիոն, որովհետև միասնականացման գործընթաց է գնում, ինչի արդյունքում կլինի մուլտիմեդիա լրագրությունը: «Մեդիաները դեպի միավորման են գնում: փորձը ցույց է տալիս, որ այսօրվա ընթերցողը տեքստ չի կարդում, այսօր ավելի շատ մուլտիմեդիա լրագրությունն է զարգանում»,- ասաց նա:
Բանախոսը նշեց նաև, որ ֆեյսբուքից մեծ արտահոսք կա դեպի թվիթեր, որտեղ ավելի կարճ և համառոտ են գրառումներ կատարում: Ինչ վերաբերում է ֆեյսբուքին՝ նա ասաց, որ այսօր վիրուսներ են շրջանառվում, որոնք հիմնականում նամակների կամ խաղերի տեսքով են: Խուսափելու լավագույն տարբերակը այդ լինքերը չբացելն է և չօգտվելը այն խաղերից, որոնցով օգտատերերը պարզում են, թե ընկերներից ով է իրենց այցելել:










































