Պուտինը մոտեցնում է ՌԴ ներկայիս կայսրության կազմաքանդումը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ խոսելով հայաստանյան արտաքին մարտահրավերների շուրջ: Նա նշեց, որ այսօր ՀՀ պետականության միակ սպառնալիքը ՌԴ արտաքին քաղաքականությունն է:
Ըստ նրա՝ ՀՀ սահմանները ՌԴ ռազմաքաղաքական սահմաններն էին, որովհետև այդ անվտանգությունն ապահովում էր ՌԴ-ն՝ ՌԴ-ին ենթակա ՀԱՊԿ կառույցի միջոցով: Իսկ իր նոր նեոկայսերապաշտական քաղաքականությամբ, բանախոսի խոսքով, այդ սահմաններին տրվում են նոր որակներ. ոչ միայն ռազմաքաղաքական սահմաններ են, այլև նոր որակով դրանք նաև տնտեսական սահմաններ են, մշակութային, քաղաքակրթական և արժեքային համակարգ, այն արժեքային համակարգը, որը կա այսօր ՌԴ-ում: Իսկ ՌԴ-ն, նրա համոզմամբ, երբեք չի հարգել ՀՀ պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, ավելին՝ ՌԴ-ն եղել է և է կայսրություն՝ ցարական Ռուսաստան կայսրություն, ԽՍՀՄ-ը՝ կայսրություն, և այսօրվա ՌԴ-ն՝ կայսրություն, և այս մասին ՌԴ ներկայիս նախագահ Պուտինն է հայտարարել:
«Որևէ կասկած չունեմ, որ իր այս քաղաքականությամբ Պուտինը մոտեցնում է ՌԴ ներկայիս կայսրության կազմաքանդումը: Ներկայիս քաղաքական համակարգը ի վիճակի չէ պաշտպանել ոչ միայն մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, այլև մեր արժանապատվությունը, և այն, ինչ տեղի է ունենում այդ համակարգի ներսում, պայքար է կոռուպցիոն լծակների համար»,- ասաց նա:










































