Քիչ անց նախագահական նստավայրի դիմաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ սկսվում է տևական ցույց՝ «Վիլնյուս կամ հրաժարական» պահանջով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ նախնական ծրագրով՝ այն կլինի երեք օր: Նա հիշեցրեց, որ իրենք առավել վաղ ևս կոչ էին անում ետ կանգնել այդ կառույցին անդամագրվելու խնդրահարույց որոշումից:
«Եթե Սերժ Սարգսյանն անձամբ չգնա Վիլնյուս և չստորագրի տարիներ շարունակ մշակվող Ասոցացման համաձայնագիրը, մեզ բոլորիս, այդ թվում և իրեն, կկանգնեցնի անհեթեթ իրավիճակի առաջ, խայտառակ կանի: Նախագահն ասում էր՝ ես ուզում եմ և՛ այն, և՛ այն. եթե այդպես է, Հայաստանը պարտավոր է տարիներ շարունակ կատարած իր հայտարարությունների համաձայն՝ մեկնել Վիլնյուս, մանավանդ ապագա սերունդներին բացարձակ անհասկանալի էր, թե ինչպես եղավ, որ ընտրության առջև կանգնած Հայաստանը 60 տարվա ճանապարհ անցած, ճգնաժամեր հաղթահարած 27 պետություններին թողած՝ ընտրեց զրոյական ճանապարհ անցած երեք դիկտատոր պետությունների միությունը: Հայաստանն այս կերպ ապագա չի ունենա»,- ասաց նա:
Հայրիկյանը նշեց, որ հանրահավաքը մարդկանց հնարավորություն կտա արտահայտելու իրենց դիրքորոշումը, ովքեր իրենց գրասենյակներում նստած, ընկերների հետ զրուցելիս, որպես կանոն, լռում են, միմյանց մեջ ասում, որ դեմ էին ՄՄ-ին անդամակցմանը:
ԱԻՄ առաջնորդը նշեց, որ մի պահ վարանում էր՝ արդյոք ժողովուրդը տրամադրվա՞ծ է այդ բռնապետական միությանն անդամակցելուն, որովհետև քարոզչամեքենան այդ ուղղությամբ լավ էր աշխատել, հիմա համոզված է՝ 70 տոկոսը դեմ է կամ կողմնորոշված չէ, և այս հանրահավաքը նրանց թույլ կտա իրենց կարծիքն արտահայտելու: Հայաստանում, ինչպես բոլոր ստրկատիրական պետություններում, մեկ իշխանություն կա, ավելի շուտ՝ մեկ իշխանավոր:
Դիտարկմանը՝ ՄՄ-ն անվտանգության ապահովման խնդիր կարող է լուծել, Հայրիկյանը պատասխանեց, որ ցանկացած ապաշնորհ արարք ունենում է բացատրություններ, և դրանցից մեկը մյուսից գեղեցիկ կարող է լինել:
«Ձեզնից որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մենք ունենք պորտաբույծ ռուսական բազա, ձրիակերներ, երբևէ նրանց կողմից լսե՞լ եք հայտարարություն, որ Հայաստանի վրա կրակոցները նշանակում են՝ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է, որ այդ կրակոցներն ուղղված են նաև հենց իրենց դեմ: Դրանք պորտաբույծ ավազակներ են, այսօրվա ՄՄ կողմնակիցների լեզվով՝ դառմաեդներ, որ եկել են ձեր, մեր հաշվին իրենց ներկայությունն այստեղ ապահովելու»,- ասաց նա:
Հայրիկյանը նկատեց՝ Ամերիկան եթե բազա է դնում մի երկրում, ինքն է գումար տալիս, բայց «Լևոն Տեր-Պետրոսյանի նման դավաճանը», ով դեռ ՄՄ վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել, տգետ է, քանի որ ասում է՝ ՄՄ-ն տնտեսական հարց է:
ԱԻՄ առաջնորդի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը պարտավոր է գնալ Վիլնյուս, ասել՝ Մաքսայինի մասին իմացա՞ք, էդ ինչ լավ լսողություն ունեք, բա էս երեք տարի է՝ խոսում եմ, եկել եմ, ինչ եք ասում, ինչ եմ ստորագրելու, իսկ թե ինչ եմ ասել, դա կարևոր չէ:
Հայրիկյանը նշեց, որ Հայաստանում բուռն աշխատանքներ էին տանում՝ Եվրոպան ներկայացնելով իբր կոմայգիական միջավայր՝ չմտածելով, որ մարդու իրավունքների նկատմամբ ընդգծված հարգանքը կարող է ստիպել նաև հանդուրժողաբար նայել սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց:
«Այսօր Եվրոպայի մասին խոսողներից որևէ մեկը չի խոսում եվրոպական արժեքներից, խոսում են իրենց համար շատ սիրելի հարցերից: Մաքսային միությունը հակասում է մեր Սահմանադրությանը, դրա համար այդ միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անհրաժեշտություն չկա»,- ասաց նա:
Հայրիկյանի խոսքով՝ քաղաքական ուժերի դիրքորոշումներն այս հարցում տարբեր են, երբեմն՝ անհասկանալի. «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատներ»-ն իրենց ներկայացուցիչների միջոցով եվրոպական կողմնորոշման մասին բարձրաձայնել են, ՀԱԿ-ը և մյուսներն անհասկանալի են պահում իրենց, ՀՅԴ-ն երեկվա կոմսոմոլիկների կազմակերպություն է, թեև մի քանիսը կան այնտեղ, ում Հայրիկյանը գնահատում է, սակայն կարծում է՝ իրենք սկզբունքայնություն չունեն, ավելին՝ ունեն բարդույթ. 20 թվականից իրենք մտել են ՄՄ: ՀՅԴ-ն, ըստ Հայրիկյանի, չկռվեց Հայաստանի համար, երկիրը տվեց բոլշևիկներին:
Անդրադառնալով իշխող մեծամասնությանը՝ ԱԻՄ առաջնորդը նշեց. «Որևէ հանրապետական չասաց՝ ես դեմ եմ ՄՄ-ին, այսինքն՝ էդտեղ կուսակցություն չկա, կա Սերժ Սարգսյան, իսկ մյուսների մասին խոսելն ավելորդ է»:









































