Սիրիայում արյունահեղության դադարեցման համար պահանջվում է նոր ղեկավարություն: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման դիրքորոշում է արտահայտել Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Ջոշուա Էռնեստը:
Նա ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովը կայանալու է հունվարի 22-ին: Էռնեստը նշել է, որ տվյալ հանդիպումը թույլ կտա երկրում հակամարտության բռնկումից հետո առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջը նստեցնել կառավարությանը և ընդդիմադիր ուժերին:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով՝ ԱՄՆ-ը վաղուց շատ պարզ խոսում է այն մասին, որ Սիրիայի ներքին ռազմական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա ընդգծել է, որ արյունահեղության դադարեցման համար սիրիացիներին նոր ղեկավարություն է անհրաժեշտ:
Այն հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, պնդում է, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հեռանա քաղաքական բեմից, Օբամայի պաշտոնական ներկայացուցիչը դրական է պատասխանել:
«Նախագահը շարունակում է այդպես կարծել»,- նշել է նա:
Էռնեստի խոսքերով՝ Ժնևում բանակցությունների նպատակն է, որպեսզի Ալ-Ասադը վայր դնի իր լիազորությունները:







































