Սիրիայում անհայտ անձինք առևանգել են շվեդ երկու լրագրողների: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Շվեդիայի ԱԳՆ-ին:
Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Կատարինա Աքսելոնի խոսքով՝ լրագրողներն առևանգվել են շաբաթ օրը, երբ նրանք պատրաստվում էին լքել երկիրը: Նա հրաժարվել է ներկայացնել տեղի ունեցածի մանրամասները՝ ասելով, որ Լիբանանում Շվեդիայի դեսպանատան աշխատակիցները փորձում են հավելյալ տեղեկատվություն իմանալ լրագրողների ճակատագրերի մասին:
Գերատեսչության ներկայացուցիչը առևանգված լրագրողների անունները չի հայտնել:
2011թ. Սիրիայում սկսված հակամարտության պատճառով մերձավորարևելյան այս երկիրը վերածվել է լրագրողների համար ամենավտանգավոր վայրերից մեկի: Նյու Յորքում տեղակայված՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2011թ. մարտից սպանվել է ավելի քան 50 լրագրող, առնվազն 30-ը որպես պատանդ մնում են տարբեր խմբավորումների մոտ:











































