Ռուսաստանահայ գործարարներ Արա Աբրահամյանի և Ռուբեն Գրիգորյանի միջև առաջացած վեճն առայժմ լուծում չի ստանում: «2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն «Առաջին լրատվական»-ին ավելի վաղ փոխանցել էր, որ այդ հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի ընդունարան. հարցին խոստացել են սահմանված ժամկետում լուծում տալ:
Հիշեցնենք, որ «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը տևական ժամանակ ահազանգում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է տնօրինել նաև ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածը, ու, իր իսկ խոսքերով, դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել»։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Յուրի Սեմյոնովն ասաց, որ առայժմ նախագահի ընդունարանից պատասխան չի ստացել, ասաց՝ եթե պատասխանը իրեն չբավարարի, երկրորդ անգամ կդիմի. «Երևի առայժմ ստուգումներ են անցկացնում, ըստ իս՝ մոտ ապագայում ինչ-որ արձագանք կլինի: Ինձ հստակ ժամկետ չեն ասել, ասել են՝ մաքսիմալ կարճ ժամանակ, իմ կարծիքով՝ դեռ այդ ժամանակը չի անցել, այլապես կարձագանքեին»:
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ հակառակ կողմից ևս որևէ արձագանք չի եղել. «Իմ տեղեկություններով՝ Արա Աբրահամյանն ապրում է ԱՄՆ-ում, այնտեղ բուժում է ստանում, իսկ իր ներկայացուցիչները որևէ կապ չեն հաստատել»,- ասաց Սեմյոնովը:
Յուրի Սեմյոնովը հավելում է. «Երբ ես ստանամ պաշտոնական պատասխանը, ու այն ինձ չբավարարի, ես երկրորդ անգամ կդիմեմ նախագահի ադիմինստրացիա. ես հենց հիմա նյութեր եմ հավաքում: Գուցե այսպիսի պատասխան գա՝ մենք նայել ենք, ուղարկել ենք այսինչ տեղը, և ես այդ բոլոր տեղերի համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել եմ ու առաջիկայում ամբողջը ի մի կբերեմ: Մինչև ես արդյունքի չհասնեմ՝ չեմ հանգստանա: Սպասենք արձագանքներին»,- ընդգծեց նա:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ արդյունք է ինքը սպասում, Յուրի Սեմյոնովը պատասխանեց. «Ես սպասում եմ, որ պետք է պատասխան քրեական գործ հարուցվի՝ ինֆորմացիայի կեղծման ու հերյուրանքի համար: Հակառակ կողմը պետք է ներողություն խնդրի: Կոնկրետ ինձ նկատի չունեմ, Արա Աբրահամյանը պետք է ներողություն խնդրի Ռուբեն Ցոլակովիչից»,-եզրափակեց նա:







































