Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մայլսը կարծում է, որ 2008թ. Միխեիլ Սաակաշվիլին կարող էր խուսափել Ռուսաստանի հետ զինված հակամարտությունից: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այս մասին նախկին դեսպանը հայտարարել է թբիլիսյան «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Չնայած ՌԴ-ի կողմից սադրանքներին՝ հնարավոր էր խուսափել Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելուց: Չգիտեմ՝ ինչ հույս ուներ Սաակաշվիլին. մի՞թե նա մտածում էր հաջողության հավանականության կամ այն մասին, որ ԱՄՆ-ը բացահայտորեն կմիջամտի հակամարտությանը»,- ասել է Մայլսը:
Նրա խոսքով՝ եթե Սաակաշվիլին չգներ ծանր զրահապատ մեքենաներ, հրանոթային սարքեր և այլ սպառազինում, նրա մոտ չէր ծագի Վրաստանի զինված և ներքին ուժերը մարտական գործողությունների մեջ ներքաշելու խելահեղ խիզախություն:
Դիվանագետն իր զարմանքն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ 2008թ. օգոստոսի պատերազմի ավարտից հետո Սաակաշվիլին հրաժարական չտվեց և արտահերթ նախագահական ընտրություններ չնշանակեց:






































