Հայաստանի իշխանությունների հետ ներկայում քննարկումներ են տարվում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման մասին իրավապայմանագրային մշակումների շուրջ: Շուտով այս մասին կունենանք լիարժեք տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ինչ իրավական լուծումներ են տրվելու:
Այս մասին «Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:
Վերջինս ասաց, որ Ռուսաստանը ռազմական ոստիկանություն է ստեղծել վերջերս՝ 2011թ.-ին, մինչ այդ զինվորական հանցագործությունների խնդիրը կարգավորվել է այլ հարթակում: Սա նշանակում է, որ Հայաստանում ռուսական ռազմական բազան տեղակայելու 1995թ.-ի պայմանագրում ռազմական ոստիկանության ստորաբաժանում Հայաստանում տեղակայելու մասին դրույթ չկա: