Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր է, բայց դա միայն առաջին քայլն է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
«Մենք բոլորս տեսնում էինք ոչ մեկին պետք չեկող ճգնաժամին վերջ դնելու հնարավորությունը՝ հիմնված Իրանի ժողովրդի նկատմամբ հարգանքի և մեր միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածության նկատմամբ բոլոր կասկածները ցրելու վրա: Դա էր մեր նպատակը, դա կարևոր ձեռքբերում է, սակայն դա միայն առաջին քայլն է»,- ասել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ ամփոփելով Ժնևի բանակցությունների արդյունքները:
Նա հաստատել է, որ ըստ համաձայնության՝ Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից՝ նշելով, որ երկիրը կկարողանա վերսկսել այդ գործընթացը պայմանավորվածության իրագործման վերջին փուլում:
Զարիֆն ընդգծել է, որ հետագա համաձայնությունների ժամանակ կհասնի Իրանի՝ ուրանի հարստացման իրավունքի վերականգնմանը, քանի որ դա Իրանի «սուրբ իրավունքն է», և այն պետք է հարգել:
Իրանը և «վեցյակը» ստեղծել են համատեղ հանձնաժողով, որը պետք է հետևի Ժնևում ձեռք բերված համաձայնության իրագործմանը: «Ես հավատում եմ, որ այսուհետ 2 կողմերն էլ կսկսեն առաջ շարժվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
«Այսօրվա պայմանավորվածությունը օգնեց լուծել հիմնախնդիրը, որը ստվեր էր գցում մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի վրա»,- ընդգծել է նախարարը:
Նա խորը երախտագիտություն է հայտնել «վեցյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին՝ արդյունավետ աշխատանքի համար, իսկ լրագրողներին՝ բանակցությունների երկարատև փուլը լուսաբանելու համար:









































