«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
– Պարոն Գրիգորյան, արդեն իսկ հայտնի է Ուկրաինայի պաշտոնական որոշումը նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի ստորագրման վերաբերյալ: Ժամանակին երբ պնդում էին, թե Ուկրաինան ուղենիշային երկիր է և՛ ՄՄ-ի, և՛ ԱլԳ-ի հաջողության համար, ապա հիմա Ուկրաինայի հրաժարվելը ԵՄ հետ ասոցացումից ի՞նչ է նշանակում ԱլԳ ճակատագրի համար:
– Նախ եկեք ֆիքսենք այսօրվա վիճակը, հետո մտածենք՝ ինչ է ապագայում լինելու: Իսկապես Ուկրաինայի դերն այդ ծրագրում ակնհայտ է բոլորի համար: Ուկրաինան ամենակարևորն էր ու ոչ միայն ՌԴ համար, թեև ՌԴ-ն ամեն ջանք գործադրեց, որ խափանի այդ գործընթացը, Ուկրաինան կարևոր էր նաև ԵՄ համար, քանի որ Ուկրաինան և մեծ, և ազդեցիկ, և քաղաքականապես կարևոր երկիր է: Պարզ է, որ այս ծրագրի ներկայիս վիճակը շատ վատ է: Ուկրաինայի որոշումը նշանակում է, որ ինչ-որ չափով այդ ծրագիրը ձախողվել է` նույնիսկ, եթե Մոլդովան և Վրաստանը ստորագրեն ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիր: Պատճառները շատ են, բայց գլխավոր պատճառն այն է, որ ՌԴ-ն բավական ցավոտ է ընդունում այս խնդիրն ու ծրագիրը՝ այն համարելով իր դեմ ուղղված ծրագիր, թեև իրականում այդպես չէ: ՌԴ-ն ԱլԳ ծրագիրը դիտարկում է որպես վտանգ իր համար, որի պատճառով էլ գլոբալացվեց այդ խնդիրը, դարձվեց մեծ խնդիր:
Այս մարտահրավերին, իմ կարծիքով, պատրաստ չէին մեր հասարակությունները և ԵՄ-ն: Մեր հասարակությունը պատրաստ չէր այն առումով, որ միանշանակ ճիշտ կողմնորոշում չկարողացավ ցուցաբերել, ՀՀ-ում գրեթե չկան քաղաքական ուժեր, որոնք կհասկանան, որ այս ծրագիրը կարևոր է, շատ քիչ քաղաքական ուժեր են, որ քննադատեցին կամ չհամաձայնեցին այն որոշմանը, երբ ՀՀ-ն դուրս եկավ այդ գործընթացից: Բացի դրանից, այդ մարտահրավերներին Եվրոպան ևս պատրաստ չէր: Ինչո՞ւ: Բոլորս գիտենք, որ Եվրոպայում մի քանի կարծիքներ կան այդ ծրագրի նկատմամբ: Օրինակ՝ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը մտահոգված են Միջերկրական ծովի խնդիրներով, Հյուսիսային Աֆրիկայի խնդիրներով, այնտեղից ոչ լեգալ միգրանտների մեծ հոսք է, իրենց հուզող հարցերն առաջին հերթին սրանք են, նրանք դեմ չեն ԱլԳ զարգացմանը, բայց այդ ուղղությամբ մեծ ջանքեր չեն գործադրում, պետությունների մյուս շարքը` Գերմանիան, Շվեդիան, Հոլանդիան են, որոնք այդ ծրագրին ոչ թե վատ վերաբերմունք ունեին, պարզապես ունեին դիտողություններ, ինչպիսին Յուլյա Տիմոշենկոյի հարցն էր, ասում էին, թե պետք է նա ազատ արձակվի, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեն: Ավելի արժեհամակարգային պահանջներ ունեին, իրենք պատրաստ չէին ու այսօր էլ պատրաստ չեն դիտարկել այդ խնդիրը որպես մեծ գլոբալ խնդիր, այդ դեպքում Տիմոշենկոյի և այլ հարցերը մի կողմ կգնային, ու իրենք կասեին, թե անհրաժեշտ է ստորագրել Ուկրաինայի հետ: Ծրագրում ակտիվ աշխատում էին միայն ԵՄ նոր անդամները՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Բալթյան երկրները, ավելի նոր Եվրոպայի մասը, ու դա հասկանալի է, իրենց սահմանն է, հարևանությունը ԱլԳ-ն, ու իրենք ակտիվ էին, բայց դա քիչ է, այսպես ասած «ծանրքաշայինների»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ավելի ակտիվ լինելու դեպքում այլ ընթացք կստանար այս գործընթացը: ԵՄ-ն չէր ցանկանում այս խնդիրը դարձնել գլոբալ խնդիր, ուրիշ դաշտ չէր ուզում, երբ ՌԴ-ն սրեց հարաբերությունները, պարզ դարձավ, որ ԵՄ-ն պատրաստ չէ:
– Ի՞նչ բացասական միտումներ են հաջորդելու ԵՄ-ում Հայաստանի և Ուկրաինայի կայացրած որոշումներին:
– Պարզ է, որ երկու երկրների հանդեպ ինչ-որ հիասթափություն կլինի, բայց ուզում եմ ֆիքսել, որ Ուկրաինան, այնուամենայնիվ, զգուշացրեց, որ չի նախատեսում ՄՄ մտնել, որ ինչ-որ ժամանակ անց կվերադառնա Ասոցացմանը, ու համոզված են, որ վերադառնալու դեպքում ԵՄ-ն նորից դրական կանդրադառնա, պարզապես ուզում եմ նշել, որ մեր երկրները ժամանակ են կորցնում, ՄՄ-ում ոչ մի դրական բան չկա մեզ համար: Պարզապես, քանի որ նույն Ուկրաինան չստացավ մեծ աջակցություն ԵՄ-ից… ստանում է, բայց հաշվի առնելով ՌԴ կոշտ դիրքորոշումը ու այն հզոր կորուստները, որոնք կունենար Ուկրաինան ասոցացվելու դեպքում, ԵՄ-ն պատրաստ չէր փոխհատուցել այդ կորուստները: Օբյեկտիվ որոշում էր նաև: Երկու ամիս առաջ Ուկրաինայի ԱԺ-ն որոշեց ստորագրել, բայց այդ երկու ամսվա ընթացքում ՌԴ ճնշումը մեծացավ, ու իրենք սկսեցին հաշվարկ անել, թե ինչ կորուստներ կունենան, իսկ այդ կորուստներն այնքան մեծ էին լինելու, որ երկրում անկայունություն էր առաջանալու:
– Անհրաժեշտություն չե՞ք տեսնում, որ ԵՄ-ն վերանայի իր քաղաքականությունը ԱլԳ երկրների հետ հարաբերություններում, որոնք պայքարում են ՌԴ էքսպանսիայի դեմ:
– Դա ակնհայտ է: Այստեղ անելիք ունի նաև ԱՄՆ-ը, միայն Եվրոպայով դժվար է: ԵՄ-ն ներառում է 28 երկիր, տարբեր շահեր, տարբեր մոտեցումներ, տարաձայնություններ, ուրեմն ԱՄՆ դիրքորոշումը պետք է լիներ, որ ընդհանուր առմամբ մեր երկրներին օգնեին ամրապնդել անկախությունը: Ի վերջո, այս պայքարը ՌԴ դեմ ուղղված պայքար չէ, դա պայքար է հանուն պետությունների, որպեսզի սուվերենությունը բարձրանա, ինքնուրույնությունը բարձրանա, և այստեղ է, որ կասկածում եմ, թե Եվրոպան միայնակ կկարողանա այդ նոր մարտահրավերին պատասխան տալ: Այստեղ ԱՄՆ-ը պետք է իր ջանքերը գործադրի:
– Այսուհետ ինչպիսի՞ն են լինելու ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս նոր իրավիճակում:
– Ես կարծում եմ, որ ինչ-որ փոքր ընդմիջում կլինի, պաուզա և նորից ակտիվացում կգնա ԵՄ հետ համագործակցության հարցում: Շատ բան է կախված նաև ՌԴ դիրքորոշումից: Ես, որքան տեսնում եմ, ՌԴ-ն շատ է ցանկանում ակտիվացնել իր աշխատանքն այստեղ, ռեսուրսները կհերիքեն, թե ոչ` կասկածում եմ: Ռազմական ակտիվացումն էլ, ի վերջո, տալիս է պլյուս միայն ՌԴ-ին, մենք դրանից ոչինչ չենք ստանում: Ուրեմն` մենք պետք է մեր տեսանկյունից նայենք: Ես կասկածում եմ, որ այդ համագործակցությունը մեզ համար օգտակար է:











































