Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հինգերորդ տերմինալի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով լսված բարձր ձայնը խառնաշփոթ է առաջացրել շենքում, քանի որ մարդիկ կարծել են, թե դա հերթական հրաձգությունն է: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ իրենք սկսել են հաղորդագրություն ստանալ կասկածելի ձայնի մասին, որը թռիչքին սպասող ուղևորները համարել են կրակոցի ձայներ: Օդանավակայանում խուճապ է սկսվել, շատ ուղևորներ լքել են շենքը:
Տերմինալի մոտ ուղարկված ոստիկանները պարզել են, որ ձայնի աղբյուրը եղել է շենքի կայանատեղիի մոտ ավտովթարը: Հաղորդվում է, որ վթարի մեղավորը ամենագնացի վարորդն է, ով կորցնելով կառավարումը՝ բախվել է շենքին: Վարորդի վիճակի մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին LAX օդանավակայանում Լոս Անջելեսի 23-ամյա բնակիչը հրաձգություն է կազմակերպել երրորդ տերմինալում, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մի քանի մարդ:













































