Կեմերովոյում «Зимняя вишня» առևտրի և զվարճանքի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 37 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել։ Մոտ 70 մարդ, այդ թվում՝ մոտ 40 երեխա, համարվում է անհետ կորած։
Հրդեհը, ենթադրաբար, սկսվել է երեխաների ակտիվ խաղերի համար կենտրոնում գործող սրահում։ Ստույգ պատճառը հայտնի չէ։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն արդեն հայտարարել է, որ նախնական տվյալներով վիրավորների թվում կան նաև հայեր:
«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի շրջանի ղեկավար Գեորգի Անտոնովի հետ: Վերջինս փոխանցեց, որ տեղի Արտակարգ Իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ զոհերի և հարազատների թվում հայեր չկան:
Մեր ճշտող հարցին, թե Հայաստանի Արտգործնախարարությունը փոխանցել է, որ վիրավորների թվում հայեր կան, մեր զրուցակիցն ասաց, որ դա գուցե դեսպանի մեղքն է, որովհետև իրենց հետ չեն աշխատում, ինքը ինֆորմացիան ճշտել է մեր հարցից ընդամենը րոպեներ առաջ:
Ի դեպ տեղի համայնքի ներկայացուցիչների «Վ կոնտակտե» սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ կա անհանգստություն, որ այս ողբերգության հետաքննությունը կարող է որոշ պաշտոնյաների համար անձնական PR-ի պատճառ դառնալ:Հաղորդագրության մեջ կոչ է արվում, որ հետաքննությունը տարվի մաքսիմալ թափանցիկ՝ միջադեպի բոլոր կողմերի համար.«Հույս ունենք, որ այդ շինությունը վարձակալող բիզնեսմենները, ինչպես նաև շինության սեփականատերերը օգնություն կցուցաբերեն զոհվածների հարազատներին»,-նշվում է հայտարարության մեջ:
«Կուզբասի հայերը» կազմակերպության ներկայացուցիչը ևս «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան:










































