Այսօր Երևանում տեղի ունեցավ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի կազմակերպած «Վարշավայից դեպի Վիլնյուս. Խաչմերուկներում- Հայաստան և Վրաստան» վերտառությամբ հանրային քննարկումը, որի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին ԱլԳ ճանապարհային քարտեզի 2012-2013թթ. մշտադիտարկման արդյունքները:
Հայաստանյան զեկույցը բաղկացած էր երեք հատվածներից, որոնք առնչվում էին ՀՀ-ում ընտրական ստանդարտներին, արդարադատության անկախությանը և մամուլի ազատությանը:
Զեկույցի՝ ՀՀ-ում արդարադատության անկախության հատվածը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Չիլինգարյանը՝ ներկայացնելով, թե ոլորտում ԵՄ-ի կողմից ներդրված գումարները ինչ արդյունավետությամբ են ծախսվել և որքանով են իրականացվել ներդրումներին համապատասխան բարեփոխումներ:
Զեկույցի ամփոփիչ հատվածում ներառված էին առաջարկներ առ այն, որ ՀՀ դատական մարմինները գործեն անկախ և օգտվեն անկախության պահպանման երաշխիքներից: ՀՀ դատական իշխանությունը պետք է պաշտպանի ու պահպանի ինքնավարությունը և ՀՀ արդարադատության նախարարությունն ու ՀՀ օրենսդիր իշխանությունը պետք է ներառեն շահագրգիռ բոլոր կողմերի մտահոգությունները ոլորտի վերաբերյալ:
Առաջարկում ենք զեկույցին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































