Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպման մասին: Մասնագետը նշել է, որ չնայած հիմնական կազմի բազմաթիվ ֆուտբոլիստների բացակայությանը, հաղթանակ է ակնկալում:
«Իհարկե, հեշտ չի լինի վերակառուցել մեր թիմի պաշտպանության գիծը: Մանավանդ այնպիսի ակումբի դեմ խաղում, ինչպիսին «Բավարիա»-ն է: Սակայն մենք բավականաչափ որակյալ կազմ ունենք: Բացի այդ, 70 հազար երկրպագուների աջակցությունը նույնպես կնպաստի մեր հաղթանակին»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` վնասվածքների պատճառով Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղը բաց կթողնեն պաշտպաններ Լուկաշ Պիշչեկը, Մաց Հյումելսը, Նևեն Սուբոտիչն ու Մարսել Շմելցերը:









































