1964թ. արտադրության Ferrari 250 LM-ն, որը պատրաստված էր Carrozzeria Scaglietti-ի դիզայներական արհեստանոցում, Նյու Յորք-ի Sotheby`s աճուրդում վաճառվել է 14.3 մլն դոլարով՝ հայտնում է RIA Novosti-ն:
Մարզական ավտոմեքենան ընդգրկվել է «ավտոմոբիլային արվեստի քառանիվ ստեղծագործությունների» ամենաթանկ հնգյակում, որ երբևէ աճուրդի է հանվել, սակայն չի սահմանել նոր գնային ռեկորդ, որը այս տարի սահմանել էր Mercedes-Benz W196R Silver Arrow-ը (1954): Այն վաճառվել էր 29.5 մլն դոլարով՝ Բրիտանիայում:
250 ինդեքսով Ferrari-ներ արտադրվել են 1954-ից մինչև 1960-ականների վերջը, ընդ որում՝ նրանց մեծ մասը հավաքվել է մեկական օրինակով կամ սահմանափակ քանակությամբ:
Մոդելը ավելի քան մեկ տասնամյակ Ferrari-ին նվիրեց «ճանապարհների տիրակալ» ոչ պաշտոնական տիտղոսը:
Աճուրդի հանված օրինակը պատկանել է հայտնի ավտոարշավորդներ Ֆաուստո Մորելոյին և Գիլերմո Օրտեգային:












































