Հյուսիսային Կորեան սպառնացել է հարավկորեացի նախագահ Պակ Կին Հեի նստավայրը վերածել «կրակի ծովի»՝ Սեուլի կողմից նոր սադրանքների դեպքում: Նման հայտարարությամբ Փխենյանում հանդես է եկել Կորեայի ժողովրդական բանակի Հարավարևմտյան ճակատային հրամանատարությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ներկայիս հարավկորեացի նախագահին անունով դիմելով՝ շտաբն ընդգծել է, որ եթե Հարավային Կորեան համարձակվի նոր սադրանքներ թույլ տալ Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ապա ժողովրդական հանրապետության զինված ուժերը բաց չեն թողնի ջախջախիչ պատասխանի հնարավորությունը:
Հայտարարությունը հայտնվել է հյուսիսկորեական առափնյա հրետանու կողմից հարավկորեական Յոնպհյոնդո կղզու գնդակոծման 3-րդ տարելիցի նախօրեին: Գնդակոծման հետևանքով զոհվել էր 4 մարդ, այդ թվում՝ երկու ծովահետևակային: Մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել:
«Երեք տարի առաջ պատասխան հարվածը սահմանափակվել էր Յոնպհյոնդո կղզով, սակայն ապագայում այն կհասցվի «Չհոնվադե» (Կապույտ տուն) նախագահական գրասենյակին, ինչպես նաև հարավկորեական խամաճիկային կառավարությանը»,- ասվում է հայտարարության մեջ:







































