Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի և կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: