Չինաստանի գերագույն ժողովրդական դատարանը կոչ է արել դադարեցնել բանտարկյալների կտտանքները՝ նրանցից խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Այս մասին, հղում կատարելով այդ մարմնի հայտարարությանը, հայտնել է Agence France-Presse-ը:
Դատարանում ընդգծել են, որ պետք է դադարեցվեն ոչ միայն կալանավորների ծեծը, այլև շոգի, քաղցի ու ցրտի միջոցով պատժելու եղանակները:
Գերագույն դատարանը ներկայացրել է նաև վարման նոր կանոններ դատական այն գործընթացների համար, որոնցում մեղադրյալին մահպատիժ է սպառնում, գրում է Reuters-ը: Մասնավորապես, դրանցում պարտադիր կերպով պետք է ներկա լինեն փորձառու դատավորներ:
Չինաստանի դատական համակարգը հաճախ է քննադատվում արևմտյան իրավապաշտպանների կողմից:
ԱՄՆ Պետդեպի տվյալներով՝ ներկայում չինական դատարանները մեղավորության մասին որոշումներ կայացնում են 99,9 տոկոս դեպքերում:









































