Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը քիչ առաջ հանդես է եկել հետեւյալ հաղորդագրությամբ.
«Հունիսի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ:
Հանդիպման ընթացքում Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսության վերաբերյալ` շեշտելով, որ դրա օրակարգի հիմնական հարցը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև երկրում առկա համատարած կոռուպցիային, դատարանների անկախության բացակայությանն ու ազատ խոսքի, մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա սահմանափակումներին, դրանց լուծումն ու հաղթահարումը դիտելով Հայաստանի ժողովրդավարացման որոշիչ նախապայման:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին և Կազանում սպասվող հնարավոր զարգացումներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեն, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը»: