ԱՄՆ-ում վրդովմունքի ու ցասման ալիք է բարձրացրել համակարգչային խաղը, որը թույլ է տալիս վերստեղծել Կոնեկտիկուտի «Սենդի Հուկ» դպրոցի արյունալի իրադարձությունները, որի ժամանակ հոգեկան հիվանդ Ադամ Լանզան գնդակահարեց 26 մարդու: Վիրտուալ նորույթի հեղինակն իր հերթին հայտարարել է, որ խաղը նպատակ ունի զենքի նկատմամբ վերահսկողության խստացման կոչ անել: Այս մասին գրում է The Raw Story-ը:
Խաղը հատկապես ցնցել է զոհերի հարազատներին ու Նյութաունի բնակիչներին:
The Hartford Courant պարբերականը մեջբերում է նախագծի ստեղծող Ռայան Ջեյք Լեմբորնի խոսքերը, ով հայտարարել է, որ բնակության նպատակով տեղափոխվել է Ավստրալիա, քանի որ այդ երկրում, ի տարբերություն ԱՄՆ-ի, արդեն ավելի քան 20 տարի զենքի տնօրինման խիստ սահմանափակումներ են գործում:
Նրա խոսքով՝ զենքն այլևս ավստրալական մշակույթի մաս չէ: Խաղի ցնցող կադրերը, ըստ նրա՝ խնդրի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձ են: Խաղի գործողությունները սկսվում են Ադամ Լանզայի տանը:







































